Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում։

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իրավասու մարմնի ներկայացուցչի հետ։

Ստացված պարզաբանման համաձայն, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։

Ավելի ուշ քաղաքացին Պաշտպանին տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։

Ամռանը Մասիսի որոշ բնակավայրերում, Երևանի 3 վարչական շրջաններում ջրամատակարարումը կիրականացվի խորքային հորերից

Ամռանը Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է նաև Արարատյան խորքային հորերից: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա ջուրը»:

Հաղորդագրությունում ասվում է. «Տարիներ շարունակ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն ապահովվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջուրն ապահովելու համար:

Սակայն 2017 թվականի հունվարից ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարման ապահովումը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշակի տեխնիկական լուծումների շնորհիվ կարողացավ բարելավել Մասիսի և հարակից տարածքների ջրամատակարարումը՝ սպառողներին առավելագույնս ապահովելով Գառնու և Արզականի լեռնային աղբյուրների ջրով:

Ներկայում տարվա մեջ շուրջ 8-9 ամիս տարածաշրջանի որոշ բնակավայրեր ջուր ստանում են հենց այս աղբյուրներից: Միայն ամռան շոգ ամիսներին ջրի պահանջի ծավալների աճով պայմանավորված՝ մեծանում է ջրի սպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը չի բավարարում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:

Այդ պատճառով ամռանը Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է նաև Արարատյան խորքային հորերից: Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին:

Նշենք, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում են Գառնու և Արզականի աղբյուրների ջրերը: Իսկ արդեն ամռան վերջին՝ ջրի սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նշված տարածքների ջրամատակարարումը կրկին իրականացվում է լեռնային ջրաղբյուրներից:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը մշտապես եղել և մնում է առաջնային կարևորության հարցերից մեկը, ուստի արվում է առավելագույնը՝ այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանին կփոխարինի դատախազ Էդգար Արսենյանը. Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից, եւ նրա փոխարեն դատարան էր ներկայացել դատախազ Էդգար Արսենյանը: Նա դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց՝ գործի նյութեին ծանոթանալու համար:

Դատարանը նիստը հետաձգեց եւ նշանակեց հուլիսի 7-ին:

Երևանում Ford Focus-ը բախվել է Toyota, «ԳԱԶԵԼ», Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Արիստակեսյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վթարված ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։

Արագածավանում 24-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու համար ՔՊ-ականը ձերբակալվել է

Հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Ս.Թ.-ն  Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է։

Ռուսաստանաբնակ քաղաքագետ,պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ևս միացել է«Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին

Ռուսաստանաբնակ քաղաքագետ,պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ևս միացել է«Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում»,
«Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին։

Հերացի փողոցում կայանումն արգելվելու է. քաղաքապետարանի նոր որոշումը

Երևանի Հերացի փողոցում այսուհետ արգելվելու է կայանումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով իրականացվելու է Հերացի փողոցի կայանման գրպանիկների փակում, որոնք վերածվելու են կանաչ գոտիների»,– գրել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ կայանումն արգելելով նպատակ ունեն էականորեն թեթևացնել Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի հատվածի ծանրաբեռնվածությունը:

Գրիգորյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկելու են արդեն այսօր:

Իրանը Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից է, իսկական Բարեկամ

Իրանը Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից է, իսկական Բարեկամ
Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունն անսասան պահպանելու և պաշտպանելու, Հայաստանի ու Արցախի տնտեսությունը անընդհատ հզորացնելու համար, ժա՛մ առաջ պետք է Ռազմաքաղաքական և Տնտեսական Պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից, իսկական Բարեկամ: Այնուհետև, Իրանը Սյունիքում և Արցախում պետք է տեղակայի իր ամենահզոր ռազմաբազաները, միաժամանակ, Իրանը, Հայաստանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի իրանա-հայկական ռազմարդյունաբերության և արդյունաբերության պետական գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից, իսկական Բարեկամ Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։ Ի՛ գործ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ Խաչիկ Ասրյան

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. ՊԲ

Հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ղ․-ն իր վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։