Ամռանը Մասիսի որոշ բնակավայրերում, Երևանի 3 վարչական շրջաններում ջրամատակարարումը կիրականացվի խորքային հորերից

Ամռանը Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է նաև Արարատյան խորքային հորերից: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա ջուրը»: Հաղորդագրությունում ասվում է. «Տարիներ շարունակ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն ապահովվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջուրն ապահովելու համար: Սակայն 2017 թվականի հունվարից ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարման ապահովումը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշակի տեխնիկական լուծումների շնորհիվ կարողացավ բարելավել Մասիսի և հարակից տարածքների ջրամատակարարումը՝ սպառողներին առավելագույնս ապահովելով Գառնու և Արզականի լեռնային աղբյուրների ջրով: Ներկայում տարվա մեջ շուրջ 8-9 ամիս տարածաշրջանի որոշ բնակավայրեր ջուր ստանում են հենց այս աղբյուրներից: Միայն ամռան շոգ ամիսներին ջրի պահանջի ծավալների աճով պայմանավորված՝ մեծանում է ջրի սպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը չի բավարարում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար: Այդ պատճառով ամռանը Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է նաև Արարատյան խորքային հորերից: Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին: Նշենք, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում են Գառնու և Արզականի աղբյուրների ջրերը: Իսկ արդեն ամռան վերջին՝ ջրի սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նշված տարածքների ջրամատակարարումը կրկին իրականացվում է լեռնային ջրաղբյուրներից: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը մշտապես եղել և մնում է առաջնային կարևորության հարցերից մեկը, ուստի արվում է առավելագույնը՝ այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։

Լրահոս