ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում գտնվող ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը պլանային վարժանք է անցկացրել՝ հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործնական գործողություններով

Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Վարժանքի ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել միավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և անգնդակ զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը:

Վարժանքի ընթացքում զինծառայողները նաև հատուկ տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկների միջոցով կատարել են տարածքի զննում՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար
Պարապմունքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի, ավտոմոբիլային տեխնիկա վարելու հնարքների կատարալեգործման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների կատարմամբ գործողություններ:

Գրիգորի Խաչատուրուվը 2 ամսով կալանավորվեց  

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը: 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

Իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը:

Հետևանքները յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա` Արցախի, իսկ իրականում Հայաստանի շրջափակում, քաղաքական մեկուսացում, անընդհատ խոստացվող ու Ադրբեջանին արվող զիջումներ, 44-օրյա պատերազմ, ՀՀ-ի դեմ հարձակումներ, հսկայական տարածքային և մարդկային կոուստներ, ինքնիշխանության նվազագույն մակարդակ: Թվարկվող ցանկը շարունակելի է:

Արդյո՞ք բանավեճի թեմա կա փաշինյանակսն իշխանության հետ: Այլևս ոչ: Արդյո՞ք այդ մասին հասարակության հետ խոսելու, իրազեկելու խնդիր կա` միանշանակ:

Կա´, որովհետև պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս իշխանությունը, եթե ինչ-որ հրաշքով, մեծ ցանկություն էլ ունենա, պարզապես ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չունի:

Ավելին, այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին և այս պայմաններում ՀՀ գոյությունն ինքնին խիստ կասկածի տակ է:

Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդն այս ռեգիոնում գոյատևելու, դեռ չեմ ասում` գործոն լինելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե Փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, հակառակ դեպքում շանս պարզապես չկա»,- նշել է նա:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

Եղանակը Հայաստանում. Արցախում ջերմաստիճանը +20-ի կհասնի

Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝  2-4 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երեւանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝  +5 +10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10 ցերեկը՝ +5 +8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +9+ 11,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6 -11,  ցերեկը՝ +5 +8,

Լոռիում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +16,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ +14 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը` +4 +7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +10 +14,

Արարատում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ + 14 + 16,

Արմավիրում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +13 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +5 +7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13 +16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 +5,  ցերեկը՝ 16+ 19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +10 +15,

Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+ 20։

Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը. ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ :

«Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։
Կարևոր ենք համարում, այն որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, որ Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ Դատարանի եզրակացությունը թույլ է տալիս Արցախի շարունակվող շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։

Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Այս համատեքստում կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։

Համոզված ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։

Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ճանաչման մասին ցանկացած քննարկում հավասարազոր է Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության խրախուսմանը»,- ասվում է հայտարարությունում:

Կովկասյան ազնվացեղ եղջերուները շփոթված են և զբոսնում են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում․ ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Վլադիկավկազ-Լարս մայրուղու վրա արգելել են ՌԴ-ից ծանր բեռնատարների ելքը

Ծանր տրանսպորտային միջոցների համար արգելվել Է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դա պայմանավորված է սահմանակից Վրաստանում վատ եղանակով, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», — ասված Է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է:

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ. Միրզոյան

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», — ասաց Միրզոյանը՝ խորվաթ գործընկերոջ հետ ասուլիսին։

Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակը

«Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 02-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:

Այսօր նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորեց բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։

Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

Բազմազավակ մայրիկը ասաց, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը»,- հայտնում են մարզպետարանից: