Հակառակորդը ականանետ է կիրառել Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Սևանցի 50-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է սպանել 85-ամյա մորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է:

2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր՝ մարտի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 229 հիվանդ։

Մահացել է Նարինե Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2005- 2017 թվականներին։

Նարինե Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրել է․

«Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը ևս….Աստված հոգիդ լույս դարձնի սիրելի Նարինե…»։

100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր. 53-ամյա կինը ձերբակալվել է

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։ Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։ Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր։ Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում գտնվող ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը պլանային վարժանք է անցկացրել՝ հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործնական գործողություններով

Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Վարժանքի ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել միավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և անգնդակ զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը:

Վարժանքի ընթացքում զինծառայողները նաև հատուկ տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկների միջոցով կատարել են տարածքի զննում՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար
Պարապմունքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի, ավտոմոբիլային տեխնիկա վարելու հնարքների կատարալեգործման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների կատարմամբ գործողություններ:

Գրիգորի Խաչատուրուվը 2 ամսով կալանավորվեց  

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը: 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

Իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը:

Հետևանքները յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա` Արցախի, իսկ իրականում Հայաստանի շրջափակում, քաղաքական մեկուսացում, անընդհատ խոստացվող ու Ադրբեջանին արվող զիջումներ, 44-օրյա պատերազմ, ՀՀ-ի դեմ հարձակումներ, հսկայական տարածքային և մարդկային կոուստներ, ինքնիշխանության նվազագույն մակարդակ: Թվարկվող ցանկը շարունակելի է:

Արդյո՞ք բանավեճի թեմա կա փաշինյանակսն իշխանության հետ: Այլևս ոչ: Արդյո՞ք այդ մասին հասարակության հետ խոսելու, իրազեկելու խնդիր կա` միանշանակ:

Կա´, որովհետև պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս իշխանությունը, եթե ինչ-որ հրաշքով, մեծ ցանկություն էլ ունենա, պարզապես ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չունի:

Ավելին, այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին և այս պայմաններում ՀՀ գոյությունն ինքնին խիստ կասկածի տակ է:

Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդն այս ռեգիոնում գոյատևելու, դեռ չեմ ասում` գործոն լինելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե Փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, հակառակ դեպքում շանս պարզապես չկա»,- նշել է նա:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

Եղանակը Հայաստանում. Արցախում ջերմաստիճանը +20-ի կհասնի

Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝  2-4 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երեւանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝  +5 +10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10 ցերեկը՝ +5 +8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +9+ 11,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6 -11,  ցերեկը՝ +5 +8,

Լոռիում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +16,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ +14 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը` +4 +7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +10 +14,

Արարատում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ + 14 + 16,

Արմավիրում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +13 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +5 +7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13 +16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 +5,  ցերեկը՝ 16+ 19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +10 +15,

Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+ 20։