Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ձորն է ընկել. «Հրապարակ»

Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակ»-ին պատմել է, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 17 մետր բարձությունից ընկել է ձորը, սակայն որևէ կոտրվածք չի ստացել.

«Իջել էի մեքենայից մաքուր օդ շնչելու, չգիտեմ ոնց եղավ, գլորվեցի ձորը, գլխով ծառին կպա, հակառակ դեպքում գետն էի ընկնելու» — ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` սալջարդեր ու վնասվածքներ է ստացել, սակայն որևէ լուրջ խնդիր չի առաջացել․ մի փոքր հիշողության կորուստ միայն:

Անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով, իր կարծիքով՝ օդաճնշիչ ատրճանակով․ ՔԿ մամուլի քարտուղար

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ կապված միջադեպին․

«Նկատի ունենալով, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ բանավոր հարցեր են ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացնում եմ հետևյալը։

2023թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։

Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղարը։

Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Էջմիածնում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. Հատակին՝ ճեղքեր, պատերին ու առաստաղին՝ բորբոս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արմավիրի մարզ,  ք. Էջմիածին) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է  իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝

— արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, հատակին առկա են եղել ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս,

— սարքավորումները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

— սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության  գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և աշխատանքներ,

— սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,

— սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Այս շաբաթ Լուսնի կիսախավորում տեղի կունենա

Մայիսի 5-ին կդիտվի Լուսնի կիսախավարում։ Այն կսկսվի Երևանի ժամանակով 19:54-ին, կիսախավարման պիկը կգրանցվի 21:22-ին և կավարտվի 23:31 րոպեին։

Ինչպես տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը, ընդհանուր առմամբ, Լուսնի կիսախավարումը կտևի 3 ժամ 37 րոպե։

Լուսնի կիսախավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի ստվերի միջով, որը Երկրի ստվերի արտաքին թույլ մասն է։ Կիսախավարման ժամանակ Լուսինը սովորականից մի փոքր ավելի մուգ է թվում, քանի որ այն անցնում է Երկրի արտաքին ստվերով։

Լուսնի կիսախավարումները, ընդհանուր առմամբ, ավելի քիչ դրամատիկ են, քան Լուսնի ամբողջական կամ մասնակի խավարումները և կարող են ավելի դժվար տեսանելի լինել անզեն աչքով դիտելիս:

Սրանք թե՛ Արցախի, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն բան տապալել են

Նիկոլի երեկվա խոսքերից կարելի է եզրակացնել, որ որտեղ և ինչ էլ բանակցեն միևնույնն է ձախողել են ու ձախողում են: Սրանք թե՛ Արցախի, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն բան տապալել են, սրանց համար Արցախի հարց ասվածը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի շահերով:
Նիկոլը, ով դավաճան բառից չի վիրավորվում և չի էլ թաքցնում իր դավաճանությունն ասում է՝ «Խաղաղության հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել»: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն հրաժարվի Արցախից նաև դե յուրե:
Ինչևէ, ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունն արդեն այնքան է սպառել իրեն, որ չի թաքցնում իր դավաճանական ծրագրերն ու սին օրակարգերով այլևս չի կարողանում շեղել մարդկանց ուշադրությունը:

Ֆրանսիայում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ բողոքելով Մակրոնի այցի դեմ

Ֆրանսիայում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ բողոքելով Մակրոնի այցի դեմ

Ֆրանսիայի Սենտ քաղաքում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի դեմ բողոքի: Բացի այդ, լիցեյում, որտեղ ընթանում է Մակրոնի ելույթը, մասնակիորեն անջատվել է էլեկտրականությունը:

«Ինքնաբուխ ցույցի շրջանակներում մարդիկ հենց նոր դուրս են եկել Սենտի երկաթուղային ճանապարհ, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը»,-ասվում է Revolution Permanente կազմակերպության Twitter-ի էջում: 

Հաղորդագրությունն ուղեկցվում է տեսագրությամբ, որում երեւում է, որ տասնյակ ցուցարարներ դրոշներով քայլում են ճանապարհի երկայնքով:  

Սա մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման միջադեպն է։ Ապրիլի 19-ին Ստորին Ռեյնում գտնվող Mathis փայտամշակման գործարան Մակրոնի այցի ժամանակ նույնպես անջատել են էլեկտրականությունը: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են արհմիությունները, որոնք ցույց են կազմակերպել կենսաթոշակային բարեփոխման դեմ։ 

Կանենք անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղության. Չեխիայի վարչապետ

Չեխիան կկատարի անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղությանը։

Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

«Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է

Պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի կայունություն ու խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին՝ մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», — նշել է Չեխիայի վարչապետը։

Չեմ հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում․ Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում։

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչը միացել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից կազմակերպված «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով ստորագրահավաքին։

 «Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ, երևի թե, ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում», — լրագրողների հետ զրույցում ասել է Ավետ Բարսեղյանը:

Ղազախստանում Նազարբաեւի բարեկամուհին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Աստանայի դատարանը մայիսի 4-ին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբորորդու նախկին կնոջը՝ Գուլմիրա Սաթիբալդային դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման՝ նրան մեղավոր ճանաչելով ինքնիրավչության եւ մարդու առեւանգման մեջ:  

Այս գործով երկրորդ մեղադրյալը՝ Սաթիբալդայի վարորդ Մադի Բատիրշաեւը, նույնպես դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, երրորդ մեղադրյալը՝ առեւանգման կատարող Ռաշիդ Ուտեբեկովը՝ 5 տարվա ազատազրկման։ 

Դատավարությունը շարունակվել է մարտի կեսերից, գործով տուժողներ են եղել երկու գործարարներ՝ «Galanz bottlers» ԲԸ հիմնադիր Տուրսենգալի Ալագուզովը եւ Maxi Bottlers ԼԼ-ի նախկին սեփականատեր Այգուլ Մեկեշեւան:

Գյուլմիրա Սաթիբալդին ձերբակալվել է 2022 թվականի մարտի 16-ին եւ տեղափոխվել Աստանայի ժամանակավոր պահման մեկուսարան։ 2023 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Սաթիբալդին մեղադրում են մարդու առեւանգման մեջ։ Հետաքննության տվյալներով՝ Սաթիբալդին փորձել է գրավել խմիչքներ արտադրող խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, առեւանգել է Մեկեշեւային եւ սպառնացել սպանել նրա երեխաներին։ Վնասի չափը կազմել է ավելի քան 6 մլրդ տենգե։ Ապրիլին Սաթիբալդին եւ Մեկեշեւան հաշտարար համաձայնության են եկել, մեղադրյալը մասամբ ընդունել է իր մեղքը։

Գուլմիրա Սաթիբալդին նախկինում ամուսնացած էր Նազարբաեւի եղբորորդու՝ Քայրաթ Սաթիբալդիի հետ, որը 2018 թվականին, ըստ ղազախական Forbes պարբերականի, ընդգրկվել էր երկրի ամենաազդեցիկ գործարարների ցուցակում, նրա կարողությունը գնահատվել էր 163 միլիոն դոլար: Քայրաթ Սաթիբալդին աշխատել է պետական ծառայությունում, եղել է քաղաքապետի տեղակալը, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ազգային ընկերություններում։ Նա նույնպես ձերբակալվել էր 2022 թվականի մարտին, իսկ սեպտեմբերին դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութի՝ գույքի բռնագրավմամբ եւ պետական ծառայությունում աշխատելու իրավունքից զրկելով՝ 10 տարի ժամկետով։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու համար: