Ղազախստանում Նազարբաեւի բարեկամուհին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Աստանայի դատարանը մայիսի 4-ին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբորորդու նախկին կնոջը՝ Գուլմիրա Սաթիբալդային դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման՝ նրան մեղավոր ճանաչելով ինքնիրավչության եւ մարդու առեւանգման մեջ:   Այս գործով երկրորդ մեղադրյալը՝ Սաթիբալդայի վարորդ Մադի Բատիրշաեւը, նույնպես դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, երրորդ մեղադրյալը՝ առեւանգման կատարող Ռաշիդ Ուտեբեկովը՝ 5 տարվա ազատազրկման։  Դատավարությունը շարունակվել է մարտի կեսերից, գործով տուժողներ են եղել երկու գործարարներ՝ «Galanz bottlers» ԲԸ հիմնադիր Տուրսենգալի Ալագուզովը եւ Maxi Bottlers ԼԼ-ի նախկին սեփականատեր Այգուլ Մեկեշեւան: Գյուլմիրա Սաթիբալդին ձերբակալվել է 2022 թվականի մարտի 16-ին եւ տեղափոխվել Աստանայի ժամանակավոր պահման մեկուսարան։ 2023 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Սաթիբալդին մեղադրում են մարդու առեւանգման մեջ։ Հետաքննության տվյալներով՝ Սաթիբալդին փորձել է գրավել խմիչքներ արտադրող խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, առեւանգել է Մեկեշեւային եւ սպառնացել սպանել նրա երեխաներին։ Վնասի չափը կազմել է ավելի քան 6 մլրդ տենգե։ Ապրիլին Սաթիբալդին եւ Մեկեշեւան հաշտարար համաձայնության են եկել, մեղադրյալը մասամբ ընդունել է իր մեղքը։ Գուլմիրա Սաթիբալդին նախկինում ամուսնացած էր Նազարբաեւի եղբորորդու՝ Քայրաթ Սաթիբալդիի հետ, որը 2018 թվականին, ըստ ղազախական Forbes պարբերականի, ընդգրկվել էր երկրի ամենաազդեցիկ գործարարների ցուցակում, նրա կարողությունը գնահատվել էր 163 միլիոն դոլար: Քայրաթ Սաթիբալդին աշխատել է պետական ծառայությունում, եղել է քաղաքապետի տեղակալը, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ազգային ընկերություններում։ Նա նույնպես ձերբակալվել էր 2022 թվականի մարտին, իսկ սեպտեմբերին դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութի՝ գույքի բռնագրավմամբ եւ պետական ծառայությունում աշխատելու իրավունքից զրկելով՝ 10 տարի ժամկետով։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու համար:

Լրահոս