Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Lexus»-ը եւ երկու «Opel Zafira»-ները. Կա վիրավոր

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Թշնամական հարաբերություններ. Հենց խանութում իր պատրաստած զենքով կրակել է ազգականի վրա, զենքը թողել ու հեռացել

2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:35-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ․ ծնված մի քաղաքացի։

ՔԿ-ից  հայտնում են, որ  2023թ. հունիսի 4-ին  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա․Պ․-ն Ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին իր կողմից պատրաստված ինքնաշեն զենքով, սպանելու նպատակով, կրակել է համագյուղացի Կ․Պ-ի ուղղությամբ, դեպքի վայրում թողել ինքնաշեն զենքը և հեռացել։ 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 336-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են։

Ա․Պ․-ն ներկայացվել է քննչական մարմնին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել։

Հրազենային վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող, զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է ինքնաշեն եղանակով պատրաստված հրազենի նմանվող զենքը, նշանակվել են փորձաքննություններ:

Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ազգականներ համարվող Ա․Պ․-ն և Կ․Պ․-ն տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով ունեցել են թշնամական հարաբերություններ: Կ․Պ․-ին սպանելու նպատակով Ա․Պ․-ն իր տանը պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։

2023թ․ հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով ինքնաշեն հրազենը՝ ուղևորվել է  նրանց տուն։ Գյուղամիջյան ճանապարհին գտնվող խանութի մոտ տեսելով  Կ․Պ․-ի ավտոմեքենան և հասկանալով, որ վերջինս խանութում է՝ ներս է մտել, Կ․Պ․-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ, ապա ինքնաշեն այդ հրազենով, Կ․Պ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ․Պ․-ն մահացել է, նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ Կ․Պ.-ն, հրազենային վիրավորումով, սուր արյունահոսությամբ, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Ա․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Եղանակը Հայաստանում

Հունիսի 7-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։  Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+18, 

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +15+19,

Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+22,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+27,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+29, 

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +24+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20,

Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +22+26։

2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը.

«Հաշվետվության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 և 69.2 տոկոսով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.2%-ով և կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։

Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բացի այդ, 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաև 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Փաստորեն՝ չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել և հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի և անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։ Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարևոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը»։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Չնեղվեք սրանցից. լավ է լինելու

Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։
Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության» հոգեվիճակը վերջանալու են։
Այսպես մտածելու հիմք տալիս է հույսի երկու պրոցես։

Հույսի պրոցես համար առաջին

Հայաստանում սկսվել է բաց խոսակցություն։ Այլևս կիսատ-պռատ ճշմարտություններով որևէ խոսակցություն չի ստացվում։ Վիճակն օրհասական է, ու կես տոն ֆալշն անմիջապես մերժվում է։ Ստեղծվել են ձևաչափեր, որոնց առաքելությունը բաց խոսակցությունն է։ Նույնիսկ կենցաղում արդեն բաց են խոսում։
Օրեր առաջ ինքս մասնակցել են Մայր Աթոռում ստեղծված «Գավիթ» հարթակի աշխատանքներին։ Կաթողիկոսի և հոգևոր հայրերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ չափազանց բաց ու չափազանց շիտակ քննարկում, բանավեճ։ Մի բան, որը սկսվում է բաց ու անկեղծ խոսակցությամբ, անպայման տալիս է արդյունք։ Ավելի վաղ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ, շատ բաց ու հետաքրքիր քննարկում էր՝ միանգամայն տարբեր հայացքների տեր գործիչների, մասնագետների մասնակցությամբ։ Հետաքրքիր ու կարևոր քննարկումներ է անում «Կոնցեպտուալ հարթակը»։ Մեր կազմակեպության «Հայկական օրակարգ» քննարկումային շարքը դեռևս 1-1.5 տարի առաջ է սկսվել. ի սկզբանե որոշեցինք այն հրապարակային անել մեկ պատճառով՝ սուտը շատ էր, պետք էր հրահրել բաց ու գրագետ խոսակցություն։ Ոմանք անսպասելիորեն նեղացան, փորձեցին խանգարել, բայց մենք ճիշտ էինք ու հետևաբար՝ համառ։
Մեդիա հարթությունում մեծ թափ է առնում պոդքաստի ժանրը։ Տարբեր թեմաներով, տարբեր հարթակներում, տարբեր դեմքերի հեղինակած պոդքաստները միավորում է բաց խոսակցության դիմագիծը։
Կարպիս Փաշոյան- Գոռ Մադոյան, Վազգեն Սաղաթելյան-Նարեկ Սամսոնյան, Նարեկ Ամիրխանյան, Բորիս Մուրազի, Լիլիթ Հարությունյան, Հետք, Սիվիլնեթ, և այլ շատերը առցանց հարթակներում մեզ կանչում են բաց խոսակցության։
Նրանք խոսում են տարբեր թեմաներից, քննարկում են տարբեր հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ, խոսում են տարբեր բառապաշարով. կարևորը՝ նրանք միասին ստեղծում են բաց, անկաշկանդ, քծնանքից ու կոնյունկտուրայից ազատ խոսակցության ենթամշակույթը։ Կարճ ժամանակ անց դա դառնալու է գերիշխող մշակույթ, ինչն էլ դառնալու է նախկին և ներկա շատերի կոմֆորտի ավարտը։
Բաց խոսակցության ալիքն ի վերջո հանգեցնելու է հարցին՝ ինչպե՞ս 30 տարում քանդվեց մեր պետականությունը, ինչո՞ւ այսպես եղավ։ Իզուր են ոմանք մտածում, թե իրենց փողի կամ գրին քարտերի միջոցով կարողանալու են խուսափել այս փուլից։ Հաջորդ հարցը լինելու է՝ ինչպե՞ս պահել պետությունը, գնալ ժամանակակից պետության ճանապարհով՝ արժանապատիվ հասարակությամբ։

Հույսի պրոցես համար երկու

Ստեղծվում են պայքարի նոր ձևաչափեր։ Դա նույնիսկ պայքարի պրոցես չէ, այլ՝ կենսունակության ստուգման։ Ասելիք չունեցող «լիդերությունը»՝ իր հին պատկերացումներով, իր կոպտագույն սխալներով, հաճախ՝ իր բացակայությամբ այլևս բան չունի ասելու ցեղասպանության և պետականության կորստի շեմին կանգնած մեր ժողովրդին։ Մենք պետք է բացենք մեր աչքերը և արձանագրենք, որ այս օրհասական պահին ազգը չունի լիդերություն։ Թե ինչու՝ այլ հարց է, բայց դա փաստ է։ Ստեղծվող նոր միավորները, շարժումները խոսում են առողջացման պրոցեսի մասին։ Վստահ եմ՝ ստեղծվելու են նորերը. որոշները կլինեն կենսունակ, որոշները կմարեն, բայց դա առողջացման նշան է։ Տարբեր կիսամեռ ձևաչափերում առկա լավ գործիչներն անշուշտ հանգրվանելու են այս կամ այն՝ նոր ստեղծված համակարգերում, ինչը միայն նոր թափ կտա պրոցեսին։ Եվ պրոցեսի ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են ավելի մեծ բեռի, ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ ծավալի աշխատանքի։ Եվ հենց այդ պրոցեսում չափազանց կարևոր է երկրի հիմնադիրներից շատերի շունչը, խորհուրդը։ Կարևոր է, որ նրանք չլռեն և առաջարկեն իրենց հայացքը, առողջացման իրենց տարբերակները։ Այնպես, ինչպես պարբերաբար Վարդան Օսկանյանն է հանդես գալիս պրոցեսներին սեփական պրոֆեսիոնալ, մտահոգ արձագանքով։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է ձևակերպել բավականին կարևոր կոչ՝ ուղղված օրվա պաշտոնյաներին՝ ուժայիններ, նախարարներ, փոխնախարարներ և այլն։

Այսպիսով, կա երկու զուգահեռ պրոցես, ու թափ առնող բաց խոսակցության ալիքը և նոր բովանդակություն ու նոր պատասխանատվություն վերցնող ձևաչափերը տալիս են հույսի զգալի պաշար։
Ամեն կերպ այս երկու պրոցեսներին պետք է աջակցել, ինչը և ես անելու եմ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են ՀՀ իշխանությունները․ Ռուբեն Վարդանյան

Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ մասին միայն ես չեմ ասում: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների ու անհատների, մեր եկեղեցու, և՛ Գերագույն Հոգևոր Խորհրդի, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը:

Այս ընթացքում մեկնարկել են նաև մի շարք նախաձեռնություններ, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս տեղեկացա #բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ եմ անում միանալ այս նախաձեռնություններին: Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում:

Մենք համոզված ենք, որ այս իրավիճակում ոչ մի հայ, անկախ նրանից՝ աշխարհի որ ծայրում է ապրում, իրավունք չունի անտարբեր մնալ: Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Կա՛մ մենք ոտքի ենք կանգնում բոլորս ու միասին թույլ չենք տալիս հայկական Արցախի կորուստը, կա՛մ հարմարվում ենք ու դառնում այն սերունդը, որն ամոթալի ժառանգություն է թողնելու հայության հետագա սերունդներին:

Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը:

Ու մենք գնալու ենք մինչև վերջ՝ դա թույլ չտալու համար»։

Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը. Տավուշի մարզպետն՝ անկլավների մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցնում է՝ մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչ մի խնդիր չեմ տեսնում», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խոսելով անկլավների մասին՝ Ղալումյանն ասաց, թե այդ մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում, երբ կլինի՝ հանրությանը տեղյակ կպահվի։

«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում», — նշեց նա։

Տավուշի մարզպետի խոսքով՝ Բերքաբերի հատվածը մոտ 950 հեկտար, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ թվեր չնշեց։

Նա ասաց, թե անկլավների թեման միշտ է եղել, ոչ թե առաջ է եկել հեղափոխությունից հետո։

«Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը», — նշեց Ղալումյանը։

«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է». Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է ուժային կառույցներին

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։

«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։

Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։

Անկլավների մասին․ անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև դե յուրե։

Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։

Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ որևէ ժողովուրդ իր հարյուրհազարանոց մի հատվածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին հույսեր ունենալով, որ ինքը լավ է ապրելու։ Մեր ժողովուրդը լավ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամյակներով մեր վրայից չի ջնջվելու։ Մենք ինքներս մեզ չենք հարգելու, հաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նվաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարո քայլ և ազգային դավաճանություն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղություն։

Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության  իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով  այդ իրավունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորացնում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպես ապրել։

Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է  գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։

Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը։

Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է։

Կոչ եմ անում ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը», — ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

«Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,- ասվում է Արցախի ՊԲ հաղորդագրությունում։

Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ

Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի
Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ.
Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է
տեղակայվեն Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները
Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, միշտ համոզմունքով փաստել և փաստում եմ, Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար Հայաստանի ու Արցախի արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության բնական ուղին, ասել է թե՝ ճշմարիտ ճանապարհը Հայաստանի և Արցախի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունն են Ռուսաստանի և Իրանի հետ (կրկնում եմ․ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ բացառապես Ռուսաստանի և Իրանի հետ, քանզի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին (Ադրբեջանը կրկին ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք) ՀԱՊԿ-ը հիմնականում, իր թուրքական շահերից ելնելով, ցույց տվեց, որ ինքը չի կարող լինել Հայաստանի ազնիվ, հավատարիմ ու ռազմավարական դաշնակիցը)։
Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգությունը, hատկապես այսօր, վտանգված է թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Երբ Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու, Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի, Արցախի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ: Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանն, Արցախն ու Հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն Հայ ազգի իսկական բարեկամ ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը: Այսինքն՝ Հայաստանը, Արցախն ու Հայ ազգը թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի կոնկրետ սպառնալիքներից պաշտպանելու նպատակով՝ հայերիս համար խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի և Իրանի մշտական աջակցությունը: Ավելին, հետպատերազմյան (44-օրյա պատերազմ) Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ: Հավաքական արևմուտքի կողմից Հայաստանն ու Արցախը թշնամի Ադրբեջանին և Թուրքիային հանձնելու քաղաքականությունը շարունակվում է ամեն օր։ Թուրքիան, տարբեր հիմնավորումներով, Ադրբեջանի տարածքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, որի իրական նպատակը Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սանձազերծելն է՝ Արցախը, Սյունիքը և գուցե ամբողջ Հայաստանը հայաթափելու և իր ցեղասպան քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: Միայն Սյունիքում և Արցախում Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով մենք կկարողանանք վերականգնել և միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, Հայ ազգի ազգային, Քրիստոնեական պատմական արժեքներն ու Հայ ազգի անվտանգությունը։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի գործող իշխանություններին․ ելնելով բացառապես Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի ազգային պետական շահից, Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանելու համար, օր առաջ ձեռնամուխ եղեք Սյունիքում և Արցախում տեղակայել Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները, որոնք միակ հուսալի պաշտպանությունը կլինեն թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների դեմ՝ ապահովելով Հայաստանի, Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ազգի անվտանգությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ Խաչիկ Ասրյան