Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը. Տավուշի մարզպետն՝ անկլավների մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցնում է՝ մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչ մի խնդիր չեմ տեսնում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Խոսելով անկլավների մասին՝ Ղալումյանն ասաց, թե այդ մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում, երբ կլինի՝ հանրությանը տեղյակ կպահվի։ «Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում», - նշեց նա։ Տավուշի մարզպետի խոսքով՝ Բերքաբերի հատվածը մոտ 950 հեկտար, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ թվեր չնշեց։ Նա ասաց, թե անկլավների թեման միշտ է եղել, ոչ թե առաջ է եկել հեղափոխությունից հետո։ «Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը», - նշեց Ղալումյանը։

Լրահոս