Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել,

արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

16-ամյա պատանուն ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Դատախազություն-ից  հայտնում են, որ նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:

Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:

ՔԿ-ն հայտնել էր, որ մայրը՝ երեխայի հետ, 6-րդ հարկից նետվել է․ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ մահացած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Ամուսնությունից հետո հինգ ամիս բնակվել է Հայաստանից դուրս՝ ընտանիքով, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը։

Քարահունջ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա ջուր» ընկերությունըտեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:20-17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ապագա պատմաբանների ճնշող մեծամասնությունն այս գարունը կանվանի անառակի գարուն. Շարմազանով

Այս գարունն ապագա պատմաբանները կարող են անվանել որպես ձախողման գարուն, խայտառակության գարուն, Արցախն ուրանալու գարուն, բայց ես կարծում եմ, որ ապագա պատմաբանների ճնշող մեծամասնությունն այս գարունը կանվանի անառակի գարուն կամ՝ անառակի վերջին գարունը, ասուլիսում ամփոփելով քաղաքական գարունը՝ ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի իշխող ռեժիմի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանն անառակաբար այս գարնան ընթացքում բացահայտ հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Փաշինյանն այս գարնան ընթացքում ամենավերջին մեխն ու մուրճը խփեց Հայաստանի երրորդ Հանրապետության վրա։ Նա Արցախը հայտարարել է Ադրբեջանի կազմում, իսկ մյուս կողմից՝ հրաժարվել է ցեղասպանության միջազգային ճանաչումից», — հայտարարեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ հայ հասարակության անելիքն այն է, որ հոգևոր, քաղաքական և մտավոր ընտրանին համախմբվի և իր վճռական «ոչ»-ն ասի հակապետական գործունեությանը։

«Եթե Նիկոլը հաջողի, ուրեմն 30 տարվա Հայաստանը 88-ի շարժումից սկսած՝ զրոյի արժեք է ունենալու», — ասաց նա։

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ նշելով, որ փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են:

Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո:

Սպասվում է բավականին հաճելի հունիս, բավարար քանակությամբ տեղումներով. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ այս տարվա հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավել։

Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր հերթին, հայտնել է, որ հունիսը կլինի ոչ շոգ, ոչ սառը։

«Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ոչ շոգ, ոչ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ»,-գրել է Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում:

Գարեգին Բ-ն Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է տարածաշրջանում առկա մարտահրավերները

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի: 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան և Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով երկու երկների հարաբերություններին, ընդգծեց, որ դրանք հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող և դադարեցնելու կոչ անող հայտարարությանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մինչև օրս գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց բարեկամ երկրների, խորհրդարանական և պետական գործիչների ու անհատների ջանքերն ուղղված միջազգային ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանությանը՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի և լավատեսական ոգու շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու մարտահրավերները:

Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է նաև անմիջականորեն ծանոթանալու Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին՝ հավաստիացնելով, որ իրենց լիազորությունների շրջանակներում կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացներին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներդրած ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում։