Սերունդնե’ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից

105 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Պետականության վերականգնումն ահռելի մեծ դեր ունեցավ հայ ժողովրդի կյանքում։
Ցեղասպանված, հայրենազրկված հայը կարողացավ ոտքի կանգնել՝ երկրի տեր, կառուցող, արարող ու սեփական ճակատագիրը կերտող քաղաքացի դառնալ։
Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: Առաջին հանրապետության ստեղծումն էր, որ հայ ազգին մղեց ստեղծելու և՛ երկրորդ, և՛ երրորդ հանրապետությունները։
Միմիյանց հետևից տարած անհաղթահարելի թվացող հաղթանակները կերտվեց միասնականության, համախմբվածության արդյունքում, սակայն մեծ դժվարություններով։ Դժվարություններ, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել ու հաղթահարում է մինչև այսօր:
Բոլորի կողմից մոռացված հայ ազգը փրկվեց ու կերտեց իր պատմությունը այն քաջորդիների շնորհիվ, ովքեր պայքար տարան մինչև վերջ՝ իրենց երկրում ազատ ու անկախ ապրելու համար։
Այսօր ևս, երբ պատմական օրհասական պահի ենք հասել, Հայաստանի բոլոր հատվածներում բնակվողները, հասարակության բոլոր խավերը պետք է համախմբվեն միայն մեկ օրակարգային հարցի՝ հայոց պետականության պահպանման շուրջ։
1918 թ. մայիսի 28-ի անկախության խորհուրդը մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է:

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը․ Այսօր էլ վճռական ընտրության պահն է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:

Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:

Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:

Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:

Այսօր էլ վճռական ընտրության պահն է:

Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»: