Սերունդնե’ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից

105 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Պետականության վերականգնումն ահռելի մեծ դեր ունեցավ հայ ժողովրդի կյանքում։ Ցեղասպանված, հայրենազրկված հայը կարողացավ ոտքի կանգնել՝ երկրի տեր, կառուցող, արարող ու սեփական ճակատագիրը կերտող քաղաքացի դառնալ։ Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: Առաջին հանրապետության ստեղծումն էր, որ հայ ազգին մղեց ստեղծելու և՛ երկրորդ, և՛ երրորդ հանրապետությունները։ Միմիյանց հետևից տարած անհաղթահարելի թվացող հաղթանակները կերտվեց միասնականության, համախմբվածության արդյունքում, սակայն մեծ դժվարություններով։ Դժվարություններ, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել ու հաղթահարում է մինչև այսօր: Բոլորի կողմից մոռացված հայ ազգը փրկվեց ու կերտեց իր պատմությունը այն քաջորդիների շնորհիվ, ովքեր պայքար տարան մինչև վերջ՝ իրենց երկրում ազատ ու անկախ ապրելու համար։ Այսօր ևս, երբ պատմական օրհասական պահի ենք հասել, Հայաստանի բոլոր հատվածներում բնակվողները, հասարակության բոլոր խավերը պետք է համախմբվեն միայն մեկ օրակարգային հարցի՝ հայոց պետականության պահպանման շուրջ։ 1918 թ. մայիսի 28-ի անկախության խորհուրդը մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է:

Լրահոս