Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է. վնասվել են էլեկտրալարեր, տուժածներ չկան

Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք․ վնասված լարեր չեն նկատվել։

Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են. Տիգրան Աբրահամյան

Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի:

Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են` իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է` ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին:

Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալել է՞ ծրագրերը, գումարներ է՞ մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ` առևտրի եք հանել այդ պաշտոնը:

Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը` ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը:

Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզում է՞ կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել` իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն:

Արցախում բազմաթիվ խնդիրներ կա, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է:

Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»։