Մենք ապրում էինք մեր հողում՝ չիմանալով, որ վաղն այդ հողում մենք ապրելու ենք գերու կարգավիճակով

Մինչև 2018 թվականը մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ, որովհետև մեր բանակը մարտունակ էր և ապահովում էր մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը։ Այն ժամանակ մենք կարող էինք խաղաղ ճանապարհներով գնալ Արցախ` ազատ Արցախ, որը ևս անվտանգ էր ու պաշտպանված։ Մենք ապրում էինք մեր հողում` չիմանալով, որ վաղը այդ հողում մենք ապրելու ենք գերու կարգավիճակով, որ մեր սահմաններն այլևս անվտանգ չեն լինելու, որ Արցախն այլևս ազատ չի լինելու…
Դագաղներով ու պսակներով, բայց սիրո և հանդուրժողականության քողի տակ եկան իշխանության ու բերեցին հազարավոր դագաղներ ու պսակներ, հայրենասերներ ձևանալով հանձնեցին Արցախի 75%֊ը, Հայոց ցեղասպանությունն ուրանալով պատրաստվում են թուրքերի համար ճանապարհ բացել, խաղաղություն մուրալով շարունակում են թշնամու առջև ծնկած մնալ։
Նիկոլը չի ներկայացնում մեզ` ժողովրդիս. նա բանակցում ու հանձնում է հայ ժողովրդի անունից, բայց ես պնդում եմ, որ նա չի ներկայացնում հայ ժողովրդին, նա ներկայացնում է իրեն և իր սեփական շահը։ Նիկոլը և Հայաստանն անհամադրելի են։
Քանի Նիկոլի նման չարիքն է իշխանության, թուրքի յաթաղանը կախված է լինելու Հայաստանի և Արցախի գլխին։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 25- 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Հայաստանի ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց հուզող հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ: 

«Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:

Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:

44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է

Hraparak.am-ը գրում է, որ ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Նոր հրամանատարը կոչումով գեներալ-գնդապետ է, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի ամենավստահելի անձանցից է՝ նրա հետ երկար տարիներ աշխատած։

Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ https://hraparak.am/post/5f38912d4c994446307b7cc38708e90a

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ղեկավար Բրունո Ռետայոն ընդգծեց, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը: Այս առիթով պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց Հայոց Հայրապետին, որ Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:

Հայտնի է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման օրը։ Արարողությունը երրորդ անգամ տեղի կունենա մարտին՝ 2024 թվականի մարտի 10-ին։ Այն կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:

Հաղորդվում է, որ ընդհանուր անվանակարգերում մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Կարճ ցուցակների քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 14-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին։ Բոլոր անվանակարգերում հավակնորդները հայտնի կդառնան 2024 թվականի հունվարի 23-ին։

Հիշեցնենք, որ Օսկարի այս տարվա արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին Dolby Theatre-ում։ Հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր առանձնահատկությունը նրա շամպայնագույն գորգուղին էր։

Գեղարքունիքում 2-ամյա երեխա է մահացել

Ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Պատիվ եմ ունեցել այցելելու Ծիծեռնակաբերդ․ Փելոսի

Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սպանված տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսին։

«Հայոց ցեղասպանության օրը հարգանքի տուրք է մատուցվում 108 տարի առաջ սարսափելի ցեղասպանության հետևանքով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։

2019 թվականին Կոնգրեսը ճանաչեց Օսմանյան կայսրության վայրագությունները որպես ցեղասպանություն։ Երբ Ջո Բայդենը ստանձնեց նախագահի պաշտոնը, նա կատարեց իր խոստումը` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի:

Անցյալ տարի Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան վերահաստատեց, որ Կոնգրեսը հավատարիմ է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը»,-գրել է նա:

Ադրբեջանցիներն իրենց ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար. «Թաթոյան»

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։

Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն նպատակաուղղված քայլեր են. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը

Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, իր ելույթում անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։

Նշվել է, որ Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով։

Նշելով, որ ՄԱԿ-ի կառույցները, այդ թվում` Անվտանգության խորհուրդը, քանիցս զգուշացվել են, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի, դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն նպատակուղղված քայլեր են։

ՀՀ մշտական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ էթնիկ ու ազգային հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության միջոցով։