Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով:

Պարեկները բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ ներկայացնում, նշելով մեքենայի համարանիշները, սակայն վարորդը դիմում է փախուստի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկների մոտ գնալով ավելի են կասկածները շատանում ու սկսում են հետապնդել:

«Այդ ընթացքում դարձյալ մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի: Տեսնելով, որ Նիվայի վարորդը չի ենթարկվում՝ պարեկները իրենց գործընկերներին կապով տեղեկացնում են, թե որ ուղղությամբ է սլանում վարորդը: Արդեն Երևանի գնդի ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արամ Խաչատրյանը իր գործընկերոջ հետ ավտոմեքենայով շարժվում է դեպի Լամբադա կամուրջ, որի հարևանությամբ էլ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային:

Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում և մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվում է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Նիվան վարել է Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել: Այս մասին գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:
Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է:
Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի»,- գրել է Բեգլարյանը:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա


Հանրապետության տարածքում մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավրովն ասում է. «Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար՝ ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։

Բայց այս պահին դեռ 2023 թվականն է, և պատմաբաններն այստեղ առայժմ որևէ անելիք չունեն։ Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք։ Հետևաբար՝ սա լրիվ ուրիշ, կենդանի արձագանք է ենթադրում։

Հայաստանում՝ ոչ մի արձագանք։ Լավրովը պարզ տեքստով ասում է, որ կար հազարավոր զոհերից խուսափելու հնարավորություն, հազարավոր վիրավորներ չունենալու հնարավորություն, տարածքային կորուստներն այսքան ահռելի չէին լինի, և նման անարժանապատիվ ու ստորացված վիճակում չէինք լինի։

Սա լսելով՝ հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը։ Հասարակությունը պետք է արթնանար, պահանջատեր դառնար իր որդիների ու իր հայրենիքի նկատմամբ։

Ընդդիմադիր ձևաչափերը և իրենց լիդեր զգացողները պետք է արձագանքեին անմիջապես և խոսեին հասարակության հետ։ Խոսեին այն բառապաշարով ու անկեղծությամբ, որ ամեն նորմալ մարդու մեջ սարսուռ մտներ։

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։

Ամեն մեկս մեր աշխատավայրում՝ դասախոս, բժիշկ, գրող, երաժիշտ, գործարար, իրավաբան, բոլորս, պիտի խելագարվեինք այդ մտքից, բայց մեզ վրա կարծես թե դա´ էլ այլևս չի ազդում։

Մենք արդեն բոլորս մտովի հանձնվել ենք պատմաբանների՞ն։ Մենք արդեն պատմությու՞ն ենք։ Մեր կենդանի կյանքն այլևս չունի՞ արժեք։ Հայաստանն արդեն պատմությու՞ն է։ Եթե ոչ, ուրեմն արձագանքեք։

Մեր պետության վերականգնումը սկսվելու է պարզ մարդկային որակների վերականգնումից։ Հանրային կոնսոլիդացիայի և լիդերության հայտ ներկայացնող ձևաչափերն ու անհատները նույնպես պիտի իրենց մեջ կարևորեն այդ որակները։ Վիրավոր երկրին այլ մոտեցում է պետք»։

Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին

Արդեն 100 օր է ՝ Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքը ՝ համընդհանուր անտարբերության պայմաններում կտրելով Լեռնային Ղարաբաղն ու նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից, գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ նրանց վկայել իմ համերաշխությունն ու խորը բարեկամությունը»,- գրել է Բուայեն։

100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր. 53-ամյա կինը ձերբակալվել է

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։ Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։ Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր։ Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կապան-Վերին Խոտանան ճանապարհին մեքենան բախվել է ժայռին. վարորը հոսպիտալացվել է

Մարտի 21-ին, ժամը 18:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ․) բախվել է մոտակա ժայռին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

Գրիգորի Խաչատուրովին չկալանավորած դատավորի նկատմամբ վարույթ կնախաձեռնվի. Գլխավոր դատախազությունը գրությունն ուղարկել է ԱԱԾ․ 168․am

Մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Մեսրոպ Մակյանը կալանավորեց բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին:

Մեսրոպ Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, ով մերժեց նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

Դեռ այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ ՀՀ գործող իշխանությունը, որն ամեն գնով խնդիր էր դրել կալանավորել Խաչատուրովին, ծանր էր տարել դատավորի կայացրած որոշման փաստը և, ի դեմս գլխավոր դատախազության, պատրաստվում է որոշակի գործընթաց նախաձեռնել վերջինիս նկատմամբ:

Լուրերը փաստորեն անհիմն չէին: 168.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` Տիգրան Դավթյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու գործավարական կարգի խախտման համար:Դատավորի կազմին արդեն իսկ կանչել են հարցաքննության, իսկ դատավորին ցանկանում են մեղադրանք առաջադրել՝ լիազորությունների դադարեցման հեռանկարով:

Եվ հետաքրքիր է՝ արդյոք նույն գործավարական խախտումը, որը, ենթադրվում է, որ մեղսագրվելու է դատավորին, չի՞ կատարվել, օրինակ, նաև քննիչների ու դատախազների կողմից, թե՞ դա վերաբերելի է միայն Գրիգորի Խաչատուրովին չկալանավորած դատավորին: Զուգադիպությո՞ւն է Տիգրան Դավթյանի դեմ նախաձեռնված գործընթացը, թե՞ դիտավորություն, ցույց կտա ժամանակը, բայց մենք վաղուց տեսել ու համոզվել ենք՝ նման հարցերում պատահականություններ չեն լինում:

«Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին

Տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանն ասել է՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո փորձել են գտնել լավագույն թեկնածունին։ 

«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։

Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։
Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։