Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է. պատգամավոր

Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ Ալիևի` «խաղաղության պայմանագրի» կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել` «խաղաղության օրակարգի» տակ պետք է հասկանալ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը:

Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:

Այսինքն` Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է»։

Գեղարդ վանքի «Եկեղեցու բակ» տարածքում հայտնաբերվել է այնտեղ նվագող տղամարդու դին

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Շրջափակված Արցախում ծնվել է 338 երեխա

Շրջափակված Արցախում ամբողջական շրջափակման պայմաններում ծնվել է 338 երեխա։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Նրանցից 2-ը «Սերունդ» հիմնադրամի շահառուներ են, քանի որ ծնվել են Արցախի Եղցահող, Չարեքտար և Հին շեն համայնքներից մեկում, որտեղ հիմնադրամը բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքներին ամսական տրամադրում է 50000 դրամ՝ 16 տարի 8 ամիս շարունակ:

Հիմնադրամը նպատակ ունի նպաստել հայ ժողովրդի արդի ամենամեծ խնդիրներից մեկի՝ ժողովրդագրական խնդրի լուծմանը՝ խրախուսելով ծնելիության աճը։ Ծրագրի հեղինակները որոշել են ծրագիրը մեկնարկել Արցախի համեմատաբար փոքր համայնքներից։

Այս ծրագրին կարելի է աջակցել ամսական սկզբունքով հիմնադրամին նվիրատվություն կատարելու միջոցով։ Նվիրատվությունը կարող է լինել ցանկացած չափի։ Ծրագրին միանալու համար պարզապես անցեք հղումով:

Այս ընթացքում Արցախում ծնված բոլոր փոքրիկները կարող էին լինել այս ծրագրի շահառուները, եթե հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվությունը բոլորին հասանելի լիներ, իսկ նվիրատուների թիվը շատ ավելի մեծ լիներ։ Ուստի այստեղ շատ աշխատանք կա անելու։ Դրա համար էլ խնդրում եմ Հայաստանում և Սփյուռքում բնակվող իմ բոլոր ընկերներին հնարավորության դեպքում որպես նվիրատու միանալ հիմնադրամին։

Ճանաչելով գաղափարի հեղինակներին և հիմնադրամը ստեղծողներին՝ կարող եմ վստահեցնել, որ հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ բազմապետկվելու և օգտագործվելու է Արցախում և Հայաստանում ծնելիության խթանման համար։

Հ․ Նկարում Արցախի Եղծահողի նոր բնակիչ Աշոտն է, ով «Սերունդ»-ի 2-րդ շահառուն է (նկարը հրապարակված է ծնողների համաձայնությամբ)»,- գրել է նա։

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:

Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում գտնվող ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը պլանային վարժանք է անցկացրել՝ հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործնական գործողություններով

Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Վարժանքի ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել միավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և անգնդակ զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը:

Վարժանքի ընթացքում զինծառայողները նաև հատուկ տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկների միջոցով կատարել են տարածքի զննում՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար
Պարապմունքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի, ավտոմոբիլային տեխնիկա վարելու հնարքների կատարալեգործման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների կատարմամբ գործողություններ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։