ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ-ն ուսումնասիրել է շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։

Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։

Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։

ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է և օգտագործվում սննդային նպատակով։ 2021 թվականին արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի կողմից՝ կազմելով շուրջ 25,5 հազար տոննա, ներմուծումների 98 %-ն իրականացվել է ՌԴ-ից։

Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ․-ին կազմել է 64,1%, իսկ 2021 թվականին՝ 64,6%:
2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։

Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ՝ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով։

Խաղողի այգիներում աշխատող 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ․ Արցախի ՆԳՆ

Մարտի 15-ին, ժամը 11-ի սահմաններում, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի, էտման աշխատանքներ կատարելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, հաղորդում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։

«Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում:

Mercedes-ը Իշխանասարի ճանապարհին մի քանի պտույտ շրջվել է. 4 վիրավորները զինվորականներ են. Shamshyan.com

Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

Նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները

Նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ոստիկանության գործունեությունը, նրա խոսքով՝ կկենտրոնանա չորս հիմնական ուղղություններում։ Խոսքը, մասնավորապես, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանական գվարդիայի եւ Ունիվերսալ ոստիկանության մասին է։ Այս ամենը, նշել է Ղազարյանը, նշյալ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի մի մասն է։

Վերոնշյալ բոլոր կառույցներն ունենալու են տարածքային մասնաճյուղեր։ Կրկնվող գործառույթները կհասցվեն զրոյի։ Իսկ որպես լավագույն օրինակ նա նշել է Պարեկային ծառայության գործունեությունը։ Այն կներդրվի ամբողջ հանրապետությունում։

«Ներկայում այդպիսի ծառայություններ գործում են Երեւանում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում։ Դրանց համար պահանջվել է 315 ավտոմեքենա։ Ծառայությունն ունի անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումները։ Ընթանում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում Պարեկային ծառայության ներդրման աշխատանք»,- նշել է Ղազարյանը։

Եղանակը Հայաստանում

Հանրապետության շրջանների մեծ մասում մարտի 16-ին սպասվում են անձրեւներ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին, բացի Լոռու եւ Տավուշի մարզերից, կիջնի 5-7 աստիճանով։ Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10, 

Լոռիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+20,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +11+14,

Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +13+15, 

Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +13+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +16+19,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+13,

Արցախում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18։

Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, որն իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Կսահմանափակվեմ այսքանով, որովհետև կոռեկտությունս թույլ չի տալիս ավելին ասել», — ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց նաև, թե ասուլիսում Փաշինյանը չի կարողացել հերքել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ 50 տոկոսից պակասն է ներգրավված եղել 44 օրյա պատերազմում։

Առաջնագիծն իդեալական չէ. բանակում հսկայական անելիք կա. ՀՀ պաշտպանության նախարար

Առաջնագծում, այո, ամեն ինչ այնպիսին չէ, ինչպիսին կուզեինք ամենքս, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր։

«Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծն ամբողջական կահավորման կարիք ունի, խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների։ Բանակում կա հսկայական անելիք ու այդ անելիքը, որ ստանձնել եմ մեկ տարի առաջ, հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»,- նշեց Պաշտպանության նախարարը։

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Երևանի ավագանու նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ քննարկվել է արձանը «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում տեղադրելու հարցը, սակայն նպատակահարմար են գտել այն տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում։
Իսկ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում տեղադրված Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզր։

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ հայկական կողմը չի կրակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պապիկյանը։

Նա ասաց, թե Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է սպառազինության ձեռքբերմամբ։

«Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, ժողովուրդ, դա գաղտնի է»,- նշեց Պապիկյանը։