«Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանի թաքստոցում թմրամիջոց էր թաքցված, որը պետք է վերցնել ազատազրկված անձը

2023թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանում պատրաստված թաքստոցում թմրամիջոց է թաքցված, որը, հավանաբար, պետք է վերցներ բժշկական կենտրոն տեղափոխված ազատազրկված անձը:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են դարանակալում օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ 2023թ․ մարտի 10-ին «Էրեբունի» ԲԿ-ի տարածքից թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 1993թ․ ծնված Հ․ Բ․-ն և 2001թ․ ծնված Հ․ Հ․-ն։
Հ․ Բ․-ի անձնական խուզարկությամբ սպորտային վերարկուի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված, ընդհանուրը 6.81 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ Հ․ Հ․-ի ջինսե տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է մոխրացված հետքերով 2 կաթոցիչ:

Հ․ Բ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ նախատեսված իր անձնական օգտագործման համար:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապհության հետ խնդիր կարող է ունենալ. այլ ընկերություններ էլ կան. Բադասյան

Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապհության հետ խնդիր կարող է ունենալ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախգահ Ռուստամ Բադասյանը:

«Ամեն անգամ առաջարկում եմ հիշենք, որ դեռ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն որպես եղելություն չներկայացնենք: Երկրորդը, սեւ հաշվապահություն ունեցող այլ ընկերություններ կան եւ կարծում եմ՝ առաջիկայում կտեսնեք, որ որ տեղ ծրագրային միջամտության կասկած կլինի, որտեղ հիմքեր ու փաստեր կլինեն դրա վերաբերյալ, անպայման կլինեն համարժեք գործողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հրապարակում է իր բոլոր հսկողության արդյունքները անվանական, թե ինչ խախտման համար որքան են տուգանվել:

Նա անդրադարձավ նաեւ հանրապետությունում արձնագրվող կոռուպցիոն երեւույթներին՝ նշելով. «Կոռուպցիոն դրսեւորումներ, այո, եղել են, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել եւ մենք կարող ենք ենթադրել որեւէ կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստով հայտնաբերվում է, այդ թվում ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ընթացք է ստանում: Կոռուպցիայի դեմ պայքարը հենց դրանով է որակյալ կամ անորակ, որ գործող իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ այդ դեպքերը պետք է հայտնաբերվեն: իսկ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 48 500-ի

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48 448-ի, երկուշաբթի հայտարարել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Զոհերի թիվը հասել է 48 448-ի, այդ թվում՝ 6660 օտարերկրացի»,- Մալաթիայում կայացած ճեպազրույցում ասել է Սոյլուն ։
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Եղանակը Հայաստանում

Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 12-15 մ/վրկ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+15,

Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16,

Արցախում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +16+20։

Պուտինը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ սահմանին անվտանգության ապահովման քայլերը։
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է նաեւ Արցախի վերաբերյալ բոլոր հարցերի կառուցողական լուծման անհրաժեշտությունը, ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ։

Կրեմլի հաղորդագրությունում նշվել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Դիտարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Սդրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման քայլերը։

Արցախում ընթացիկ իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական հունով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփմամբ եւ փոխգործակցությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը. Վահե Հովհաննիսյան

Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։

Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. քանի՞ անգամ ենք հարցազրույցների, հոդվածների միջոցով զգուշացրել՝ նույն բառերով, որ Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդեպ դեմարշները, ռուսական ներկայությունը Հայաստանում որպես մեր «անվտանգությանը սպառնացող գործոն» ձևակերպելը, Արևմուտքից դիտորդական տուրիստներ ներգրավելը, և այլն և այլն, նույն սցենարն է։

Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետև ոմանք այդպես են տեսնում իշխանությունը պահելու ուղին։

Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կա ադեկվատ իշխանություն, որը մշտական երկխոսության մեջ է սեփական հասարակության հետ։ Որքան էլ դժվար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետությունը զերծ պահեն աղետից։

Հայաստանում, ցավոք, հենց իշխանությունն է տանում «բախմուտյան սցենարը»։

Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսավորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնյակ գործիչների վրա՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգվածներին սիրաշահելու էժան ցանկությունն ու ամենօրյա ռեժիմով փորձում է խափանել աղետը։

Ղարիբաշվիլին, իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասի.

— նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղետը,

— նրանց, ովքեր թամաշայի մեջ են՝ սպասելով աղետին,

— և նրանց, ովքեր հենց իրենք էլ բերում են այդ աղետը մեր երկիր։

Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնհայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանության գործունեության և հակընդդեմ դաշտի պասիվության պայմաններում, իսկ մյուս կողմից այդ խմբի մարդկային որակը հուշում է, որ կա զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական մյուս գործոնը ժամանակն է, որն ակնհայտորեն քիչ է»։

Հրազդանում ոստիկանի՝ կացնով զինված տղամարդու վրա կրակելու եւ սպանելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն:

Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին: Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։

Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, ով նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Չարագործները քարեր են նետել Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքի վրա

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա ՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԿԵ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում ։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։
«ՀԿԵ — ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում

Հայաստանում Կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը, արտադրված ու այդպես էլ անհայտ մնացած հայկական թեստերը ու մարզահամերգային համալիրը մի մեծ վերակենդանացման բաժանմունք վերածելու <<բժշկական>> ֆարսը:
Մի քանի հազար մահ փոքրիկ Հայաստանի համար: Թե ինչու այդպես եղավ: Պատասխանը դետալների մեջ է: Դետալներ, որոնք բարձրաձայնում էինք նաև համավարկի ընթացքում` նպատակ ունենալով առավել արդյունավետ ու կառավարելի դարձնել իրավիճակը:
Այժմյան բարձրաձայնումները ցավոք այլևս իրավիճակ ուղղել չեն կարող, բայց ամեն դետալ արդեն խոսում եմ ուղղակի, անուղղակի դիտավորությամբ կատարված մի շարք անօրենությունների մասին:
Հիվանդների տեղաբաշխումն ու բուժումն ապահովելու փոխարեն մարդկանց դարձրեցին կառավարության գովազդն ապահովողների տեղավորելով նրանց հինգ աստղանի հյուրանոցում: Ոչ հարմարություններ, ոչ պատշաճ առողջապահական վիճակ: Բայց կառավարությունը մի քանի ավել հոդված կարողացավ տպել հինգ աստղանի հյուրանոցի մասին (Հիշում եք աշխարհը զարմացած էր, ցնցված էր հինգ աստղանի մեկուսացումից):
Ավելի քան հինգ հարյուր հազար դոլար հատկացում տեղական արտադրության թեստի համար: Հետևանքը շատ կարճ` փողի ծախսը տեսանք, արտադրված թեստի արդյունքները`ոչ:
Համալիրը <<հիվանդանոց դարձնելու>> փայլուն միտքն անգամ չգիտեմ թե, որ ասպեկտներով հիշեցնել: Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում: Մի կողմից փակում էին և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները, մյուս կողմից ասում էին տեղ չկա, համալիրն էլ է պետք:
Հիշեցնում եմ, որ սա անհաջող խաղի փորձ չէր, նորից կրկնելու հնարավորություն էլ չկա: Արդյունքն էլ մի քանի հազար մահը փոքրիկ Հայաստանի համար:

Արցախի առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանն դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։

Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։