Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի սերտ համագործակցության մասին.Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրում է
Երբ խոսում ենք Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին, վստահաբար կարող ենք ասել, որ այն ոչ միայն Նիկոլի ցանկությունն է, այլև Արայիկի։
2020 թվականի սահմռկեցուցիչ պատերազմի ժամանակ և դրանից հետո` մինչև այսօր, Նիկոլն ու Արայիկը համագործակցում են Ալիևի հետ` Արցախը հանձնելու համար։
Ի՞նչ էր պահանջում Ալիևը. նա պահանջում էր, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվի պաշտոնից, և, ահա այսօր Արայիկ Հարությունյանը կատարեց Ալիևի հերթական պատվերը։ Նա պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին, որպեսզի Արցախը վերցնելու ճանապարհին ևս մեկ խոչընդոտ վերացվի Ալիևի համար։
Այս ամենի հիմքը դրվել է 2018 թվականի ապրիլի 23֊ի իշխանազավթումից հետո, երբ այս իշխանությունները, բացի նրանից, որ սկսեցին վարել վերելակային քաղաքականություն, նաև տապալեցին բանակցային ողջ գործընթացը, բանակցությունները սկսեցին իրենց սեփական կետից, որը հակահայկական էր, հանձնեցին Արցախի 75%֊ը` ստորագրելով կապիտուլյացիա, մի ողջ սերունդ սպանեցին, իսկ հիմա շարունակում են նույն` աղետալի քաղաքականությունը վարել։
Այս ամենից գալիս է ադրբեջանական խավիարի գարշահոտ. հայ ժողովուրդը պետք է զգոն լինի և պատրաստ լինի պայքարի, պետք է պատրաստ լինի աննահանջ լինելուն, քանի որ ամեն ինչ տանում է նրան, որ սրանք, ինչպես հրաժարվում են Արցախից, այնպես էլ հրաժարվելու են Հայաստանից։

Աշոցքի, Ստեփանավանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ստեփանավանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նախագահ հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորմանը։

«Ինչպե՞ս ենք տեսնում Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորումը:
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն մենք ունենք հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից: Այդ համատեքստում, երկխոսության և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական հանգամանքները՝

ա. առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները, որպեսզի հնարավոր լինի քննարկել երկուստեք մտահոգող՝ գոյություն ունեցող հարցերը: Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար, բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց,

գ. պետք է երաշխավորել նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ լրիվությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար,
դ. մեր պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը: Իհարկե, ինչպես հետպատերազմյան շրջանում, հիմա էլ չենք բացառում ըստ կարիքի որոշակի դրվագային հաղորդակցությունը ադրբեջանական կողմի հետ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դա չի կարող փոխարինել հակամարտության քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը,

ե. բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը,

զ. պետք է ապահովել Արցախի պատշաճ ներգրավվածությունը միջազգային հանրության մեջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, ինչը կապահովի թե՛ անվտանգության, և թե՛ զարգացման կարևոր երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: Հատկանշական է, որ Արցախը աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը չունի ոչ մի միջազգային ներգրավվածություն, չի ստանում նույնիսկ միջազգային հումանիտար աջակցություն, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խիստ սահմանափակ առաքելությունից,

է. և՛ բուն երկխոսության, և՛ հակամարտության համապարփակ կարգավորման համար խիստ անհրաժեշտություն է, որ բացառվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որը պետք է երաշխավորված լինի անվտանգության միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության բարձրացմամբ,

ը. Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Դա մեր ժողովրդի բնական ու հիմնարար իրավունքն է՝ ամրագրված նաև միջազգային հանրահայտ փաստաթղթերով,

թ. Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքից, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունից,

ժ. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը» , — հայտարարել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:
Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

Երևանում 69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60 և 11-ամյա հետիոտների․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Երեւանում փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Անի Հ․-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 24-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, Արարատյան դաշտավայրում թաց ձյան տեսքով սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն առանձին հատվածներում։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Սակայն շաբաթ օրը կրկին աստիճանաբար կբարձրանա։ Երեւանում գիշերը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով, մնացած օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին կուժեղանա 12-15 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 7 + 9։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1 + 2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1-4,

Լոռիում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ + 2 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 8,

Արարատում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 8 + 11,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 8 + 10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 2 + 6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3,

Արցախում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 6։

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին

Ռուսական կողմը հետևողական օգնություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Դրանց հիմքում 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացում։ Հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման հարցում», — նշել է փոխնախարարը

Գալուզինն  ասել է նաև. «Մենք մեր գործընկերներին փոխանցել ենք նաև ռուսական տեսակետները խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»։

Արցախից 24 անձ է ԿԽՄԿ միջնորդությամբ  տեղափոխել են Հայաստան, ևս 19-ը՝ Հայաստանից գնացել են Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք»-ին և «Ապարանի Պանրի Գործարան»-ին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Հանձնաժողովից  հայտնում են, որ տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

https://ef.competition.am/api/decision/DA753B12-4DC0-4EA1-8A02-5A4F39566EFB/download

https://ef.competition.am/api/decision/44688D48-13D8-4286-A579-7D7EC49996DB/download :

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն: