Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին:

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա: Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։

Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, և մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների պահպանման նպատակով։

Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և այս իրավիճակը կարգավորվի, լարվածությունը թուլանա», — ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը`Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:

«Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.xn--am-efa կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։