Վարչապետը չի տիրապետում իրավիճակին. անհետ կորածների որոնումները դադարեցվել են 1 տարի առաջ՝ Ադրբեջանի որոշմամբ.Թովմասյան

Հայաստանի Հանրապետության վարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»:

Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:

Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ:

Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաև տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով:

Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա:

Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը:

Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել

Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Մուխթար Մամեդովը։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՌԴ-ն եւ Իրանը կքննարկեն Հնդկաստանի հետ առեւտրային ճանապարհի ստեղծումը՝ պատժամիջոցները շրջանցելու համար. Asia Nikkei

Ռուսաստանը եւ Իրանը կքննարկեն Հնդկաստանի հետ նավագնացային առեւտրային ճանապարհ բացելու ուղիով արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու նոր միջոց։ Այս մասին տեղեկացրել է Asia Nikkei-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մոսկվայի եւ Թեհրանի կարծիքով՝ նոր առեւտրային ճանապարհը կչեղարկի պատժամիջոցների ազդեցության մի մասը եւ կամրապնդի հարաբերությունները պետությունների միջեւ։ Այս պլանը նաեւ ԱՄՆ հռչակած միութենական եւ բարեկամական երկրներ ապրանքների մատակարարման շղթան կտրելու առեւտրային քաղաքականության պատասխանն է։

Ինչքան անհայրենիք պետք է լինես, որ երկրիդ սահմանների անվտանգության համար մտահոգ ուժերին վանես ու չթողնես քեզ աջակցել

Այսօր ստիպված լսեցինք երկրի թիվ մեկ դավաճանի ասուլիսը։ Եվս մեկ անգամ ամրագրվեց այն փաստը, որ վարչապետի աթոռը զավթած անձը, ով չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում և թե’ խոսքով, թե’ գործով ապացուցում է դա։
Ինչքան անհայրենիք պետք է լինես, որ երկրիդ սահմանների անվտանգության համար մտահոգ ուժերին վանես ու չթողնես քեզ աջակցել՝ սպասարկես միայն թշնամու շահը։ Այն թշնամու շահը, որի պատճառով զոհվել են մեր 5000-ից ավել հայրենակիցներ, որի պատճառով արդեն 30 օր է փակ է Արցախը աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որի պատճառով շրջափակված մեր հայրենակիցները լույսը արդեն ժամով են օգտագործելու և կանգնած են հումանիտար լուրջ աղետի առջև։
Մարդ ով չի ամաչում,երբ իրեն թուրք են կոչում, այսօր բառացի, շատ ուղիղ տեքստով ասաց, որ այս տարի ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանա, քանի որ Հայաստանը այս պայմաններում նման միջոցառումների իրականացումը նպատակահարմար չի գտնում։ Եվ սա այն դեպքում,երբ թշնամու համար այս զորավարժությունը ևս մեկ սանձող քայլ կարող էր լինել և քաղաքական գնահատակ էր ՀԱՊԿ-ի կողմից, որը քաղաքական գնահատականից վերածվել էր հստակ գործողության։

Արցախի դիմորդները զրկվել են ՀՀ գալու և քննություն հանձնելու հնարավորությունից

Ստեղծված իրավիճակում Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝  քննությունների համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ։ Նրանք քննությունը պետք է Գորիսում հանձնեին:

«Հիմա ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ։ Մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը», — այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կարո Նասիբյանը:

Ի դեպ՝ նա ընդգծեց, որ ճանապարհը բացվելու պարագայում նրանց համար քննությունները այլ օր կազմակերպելը հնարավոր է։

Լաչինի միջանցքում իրավիճակը ՄԱԿ-ի համար պետք է հիշողություններ արթնացնի. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է արդեն 30 օր Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Նա մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի կառավարության շուրջ մեկ ամիս հանդես գալով Արցախի շրջափակման օգտին՝ Ադրբեջանի նախագահի անունից եւ սրելով հումանիտար ճգնաժամը, արթնացնում է հիշողություններ, օրինակ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից:

ՄԱԿ-ի համար սա պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի»:

Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ. կան բերման ենթարկվածներ. Իշխան Սաղաթելյան

Իրավապահները խուզարկություններ են սկսել ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր վաղ առավոտյան`ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին՝ քաղաքական հարցեր լուծելու համար:

Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ, իրավիճակի մանրամասներին կանդրադառնանք լրացուցիչ», — Facebook-ում գրել է Սաղաթելյանը։

Մինչ Փաշինյանը ստորացնում, ոչնչացնում է հայկական բանակը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ կրկնապատկել է հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը․Աբրահամյան

Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական բանակում հատուկ ջոկատայինների թվի աճը հիմնականում արձանագրվել է նոր ձևավորվող «կոմմանդո»-ների զորամասերի հաշվին, չնայած, ըստ տեղեկությունների, ավելացվել է նաև բանակային կորպուսների, բանակի հատուկ նշանակության ուժերը, ռազմածովային, Ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի, ՆԳՆ հատուկջոկատայինների թիվը

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, որոնք կազմված են տարբեր ուժային համակարգերի գրոհային ստորաբաժանումներից, առաջնային դեր են ունեցել ինչպես 2014-2016 թվականներին Արցախի ու Հայաստանի սահմանագծերի դիվերսիոն մարտերի, այնպես էլ 2016-ի ու 2020-ի պատերազմական գործողությունների օրերին։

Մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հիմնական գրոհային բրիգադը Յաշմայի հատուկ նշանակության 052 բրիգադն էր, որ հայկական զինուժի հետ մարտերում՝ 2014-16, մեծ կորուստների հետևանքով դարձավ անմարտունակ, իսկ 2016-ի մարտական գործողություններից անմիջապես հետո վերակազմավորվեց, սակայն մինչև հիմա խելքի չի եկել։

Հայկական բանակի դեմ իշխանության բարոյական և ֆիզիկական բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու և մարտական լուրջ առաջադրանք դնելու համար։

Սա այն հիմնական հարցադրումն է, որի մասին ամենաշատն է հարցեր հնչում։ Իմ պատասխանն է՝ այո՛, կա՛։

Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է, որի օրոք ահռելի վնաս է հասցվել բանակին ու նրա հիմքերին և չնայած ժամանակը շատ սուղ է, սակայն այս իշխանության հեռացման պայմաններում վերականգնվելու, ոտքի կանգնելու հնարավորություն ունենք», — նշել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին․ նա կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդանիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։

Օսմանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են առկա խնդիրները հաղթահարելու համար, որոնց «գետնի վրա» բախվում են մարդիկ։

Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Տավուշի մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։