Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ

Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։
*****
Ուիքենդային օրերին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։
Այսպես, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն։
Ամենահատկանշականն այն է, որ հատուկ այդ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար Բուխարեստ է ժամանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով կրկին Ադրբեջանին «մեծարեց», որպես ԵՄ հուսալի գործընկեր։
Այս ամենը տեղի է ունենում Լաչինի միջանցքի մինչ այսօր տևող շրջափակման ֆոնին և փաստում է մի կարևոր հանգամանք. միջազգային ինստիտուտների, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարուցած ագրեսիան և հումանիտար աղետն ունեն 0 գործնական նշանակություն։
Կրկնակի ստանդարտների և «բարձրաշխարհիկ» ցինիկության մաստեր-կլասը, որ դրսևորում է պաշտոնական Բրյուսելը հայ ժողովրդի համար այս աղետալի օրերին, նորություն չէ։
Նորությունն այն է, որ դա արվում է առավել բացահայտ, թքած ունենալով բոլոր այն խնդիրների վրա, որ ծագել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդեն 8 օր տևող բլոկադայի հետևանքով։
Ի դեպ, ԵՄ-ն ֆինանսավորելու է այդ ստորջրյա «կաբելի» ներդրմանը մոտ 2 միլիարդ եվրոյով։
Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ էլ ԵՄ-ն 2 միլիարդ եվրոյի առանձին ներդրումային փաթեթ էր առաջարկել Ադրբեջանին։
Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Բրյուսելի կողմից այդքան սիրված Նիկոլն իրականում եվրոպական քաղաքական վերնախավի համար ունեն 0 արժեք։
Փոխարենը՝ հայերի «հախից գալու» անհագուրդ, հիվանդագին ցանկություն ունեցող Ալիևը շարունակաբար խրախուսվում է և այս իրադարձություններն ապացուցում են՝ բավարար չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև՝ հայ ժողովրդի հավաքական ճնշումները, ջանքերը Ալիևին և ադրբեջանական ագրեսիան հավուր պատշաճի պատժելու համար։

Բաքուն նպատակ ունի խարխլել Արցախի տնտեսության հիմքերը, բնակչությանը զրկել եկամտի աղբյուրից. ԱՀ դատախազություն

Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ: Այս մասին հայտարարություն է տարածե; Արցախի դատախազությունը:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:

Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

— Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը զավթած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը և ղեկավարող կազմը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.

— բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.

— Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.

— Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.

— Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»:

Մեսի․ Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է չեմպիոնությունն աշխարհի առաջնությունում։

«Այնքան հաճախ եմ երազել այս գավաթի մասին, այնքան շատ էի ցանկանում, որ մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ։

Շնորհակալ եմ ընտանիքիս, բոլոր աջակիցներիս եւ մեր թիմին հավատացողներին։ Մենք ցույց տվեցինք, որ արգենտինացիները միասնականության շնորհիվ կարող են հասնել նպատակին։ Յուրաքանչյուրս թիմն իրենից վեր դասեց։ Դա մեզ դարձրեց ուժեղ եւ թույլ տվեց կյանքի կոչել բոլոր արգենտինացիների երազանքը։ Մենք արեցինք դա։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսին։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի թիմը 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։ Մեսին դարձել է դուբլի հեղինակ, դիպուկ է իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը եւ արժանացել է եզրափակիչի եւ մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակներին։

Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շարունակում է պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։

«Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։

Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացումը և երթևեկության վերականգնումը իրավիճակի հանգուցալուծման չի տանի և բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր կլուծի, ինչն, իհարկե, կարևոր է, բայց ամբողջական կարգավորում չէ», — Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Մինչև կյանքի վերջին օրը Գալուստ Սահակյանն անդավաճան մնաց իր կուսակցության դավանած գաղափարախոսությանը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի նորանկախ Հանրապետությունում երկար տարիներ քաղաքական, պետական գործունեություն ծավալած և պետական բարձր պարգևների արժանացած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին:

Գալուստ Սահակյանը հիրավի վայելում էր իր կուսակցական ընկերների, գործընկերների, իրեն երբևէ ճանաչած մարդկանց սերն ու հարգանքը:

Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր հարազատ կուսակցության դավանած գաղափարախոսությանն ու անցած ճանապարհին, անգամ ծանր հիվանդության պահին ապրեց մեր պետության և Հայրենիքի մի նվիրական հատվածի՝ Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ՝ երբեք չկորցնելով իրեն բնորոշ լավատեսությունը, որով վարակում էր նաև երիտասարդ հանրապետականներին:

Նրանց համար իրենց սիրելի Գալուստ Գրիգորիչը անփոխարինելի ավագ ընկեր ու խորհրդատու էր:

Հանրապետական կուսակցությունը սգում է իր նվիրյալ, սկզբունքային ու անկեղծ ընկերոջ, մարդկային հարաբերություններում մշտապես պարկեշտ և նրբանկատ Գալուստ Սահակյանի մահը:

Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, այս անդառնալի կորստյան ծանր պահին զորակցություն հայտնում՝ մաղթելով համբերություն և տոկունություն: Աստված թող նրանց մխիթարություն տա և փարատի անամոքելի վիշտը:

Աղոթում ենք մեր սիրելի ընկերոջ հոգու խաղաղության և փրկության համար»:

Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը. Արցախի տեղեկատվական շտաբ

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով: