Հուսով եմ՝ կընդունենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին աջակցող հայտարարությունը․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությանը։

«Հայաստանում ՀԱՊԿ առաքելության գործունեության արդյունքներով պատրաստվել էր Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվեց նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

Ուզում եմ հույս հայտնել, որ համապատասխան լրամշակումներից հետո մենք կհասնենք երկու շատ կարևոր, փոխլրացնող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և հաջակցություն Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերի՝ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության ընդունմանը»,- 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում ասել է Զասը։

Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ ու տուն այժմ Երևանում նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում Արցախի դրոշն է՝ գրասենյակի ցանկապատին։

Բեգլարյանը գրել է․ «Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»:

Վարդապետյանի հրամանով՝ զինդատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությանում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր մասնակցությամբ առաջին դատական նիստին ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է:

«Ես տանն եմ, բնակարան փորձում են գողեր մտնել». Ոստիկանները հենց շքամուտքում բռնեցին գողերին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ահազանգ ստացվեց «911» ծառայություն: Մի կին հայտնում էր, որ ինքը տանն է, և իրենց բնակարան փորձում են գողեր մտնել: Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և քանի որ ահազանգողը Հակոբ Հակոբյան փողոցի բնակիչ էր, այստեղից էլ հաղորդումը վերահասցեավորվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնից նշված հասցե մեկնեց օպերատիվ խումբը, տարածքը վերահսկելու և արձագանքման արագությունն ապահովելու նպատակով տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի պարեկները:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հենց շենքի շքամուտքում, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին երկու տղամարդ, որոնք պարեկների ծառայողական մեքենայով տեղափոխվեցին բաժին:

Մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցի 42-ամյա և Վայք քաղաքի 45-ամյա բնակիչների խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի բանալիներ, հարմարեցված գործիքներ, երկաթե առարկաներ, որոնք, ըստ նրանց, փական բացելու հարմարանքներ էին:

Երկուսն էլ տեղափոխվել են քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Երևանի փողոցներից մեկում քաղաքացին հանկարծամահ է եղել

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու հայտնել, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձել է փողոցում ինքնազգացողությունը վատացած տղամարդուն օգնություն ցուցաբերել։ Ցավոք, պարզվել է, որ նա հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:

Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթև ու ավելի բարդ պայմաններում:
Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

«Ակնկալվում է 1-2 շաբաթվա ընթացքում կառավարությունից կարձագանքեն մեր պահանջագրին». «ԵրիտԱրցախ» նախաձեռնություն

Բողոքի երթով կառավարության դիմաց հավաքված ուսանողներն իրենց պահանջագիրը հանձնել են կառավարությանը:

«ԵրիտԱրցախ» ուսանողական նախաձեռնության անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլելտի ուսանող Աննա Դարբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջագիրն ընդունել է կառավարության բողոք-դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը. «Մենք փոխացեցինք մեր պահանջագրի թղթային տարբերակը: Այս պահին պետք է սպասենք, որովհետեւ ոչինչ պարզ չէ: Մեր պահանջագիրն ուղարկվել է մի քանի գերատեսչություն, այդ թվում ԱԳՆ: Ըստ երեւույթին, արձագանքն այսօր չի լինելու, սպասելու ենք, որ գործընթացը հասնի պետական գերատեսություններ, այնտեղ ուսումնասիրեն եւ արձագանք տան: Ցույցն այսքանով կսահմանափակենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու պահանջագրում կետ չկա ուղղված ռուսական խաղաղապահների անգործությանը, նա պատասխանեց. «Դիմելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ցույց ենք ուզում տալ, որ Ռուսաստանի ոչ լիարժեք իր գործառույթների կատարումից ելնելով մենք արդեն ստիպված դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ եւ ակնկալում ենք, որ նա պետք է դիտորդական առաքելություն ունենա Արցախում»:

Ուսանողական նախաձեռնությունից Գուրգեն Դանիելյանն էլ հավելեց. «Մենք դրանով ցույց ենք տալիս, որ ռուսական խաղաղապահներն ամբողջական չեն կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»: նա ընդգծեց, որ ակնկալվում է 1-2 շաբաթվա ընթացքում կարձագանքեն իրենց պահանջագրին:

4–ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երեւան տեղափոխել

Ստեփանակերտի «Արեւիկ» բուժմիավորումում գտնվող 4–ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է Վիսցերալ լեյշմանիոզ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ին ասաց բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։

Երեխայի ախտորոշումը տրվել է շաբաթ օրը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Նախկինում նման ախտորոշումով երեխաները տեղափոխվել են Երեւան, որտեղ եւ բուժում են ստացել, սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ստիպված ենք Ստեփանակերտում բուժումը կազմակերպել, սակայն, նեղ մասնագետի կարիք կա այս պահին»,– ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներով՝ իսպանական Marca-ն կազմել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որի կազմում առաջին անգամ պատմության մեջ ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի երկու ֆուտբոլիստ։

Դարպասապապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա)։
Կենտրոնական պաշտպաններ․ Նիկոլաս Օտամենդ (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա)։

Եզրային պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ․ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։

Հարձակվողներ․ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականն աֆրիկյան եւ արաբական թիմերից առաջինը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։

Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում էր 1:2 հաշվով պարտվել Ֆրանսիային։

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Արգենտինային, իսկ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով հաղթել Մարոկկոյին։

Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային (2:2, 1:1, 11մ` 4:2)։

ԿՀՎ-ում TikTok-ն անվանել են սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել է, որ չինական TikTok հավելվածի հանրահայտությունն ԱՄՆ-ում անհանգստացնում է Վաշինգտոնին։ Այս մասին նա ասել է PBS հեռուստաալիքի հարցազրույցում։

Բեռնսը TikTok-ն անվանել է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար եւ ընդգծել, որ հավելվածը «իսկական անհանգստության պատճառ է կառավարության համար»։
ԿՀՎ տնօրենն ավելացրել է, որ համամիտ է TikTok-ի վտանգավորության մասին պաշտոնյաների անհանգստությանը, քանի որ այն պատկանում է չինական ընկերությանը։ Հետեւաբար, Չինաստանի կառավարությունն իրավունք ունի ամերիկացի օգտատերերի տեղեկատվության հասանելիություն պահանջել։ Չինաստանի իշխանությունները ոչ միայն կարող են տվյալների հասանելիություն ստանալ, այլեւ վերահսկել կոնտենտը սոցիալական ցանցում։

«Ես շատ զգույշ կլինեի»,- ընդգծել է Բեռնսը՝ ի պատասխան TikTok-ի օգտատերերին խորհուրդ տալու մասին խնդրանքին։