Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, համաձայնությունները չունեն իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առ ոչինչ․ Հայտարարություն

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացվեց հայտարարություն՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովրդին ու միջազգային հանրությանը։

Հայտարարության տեքստն ընթերցեց արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը․
«Մենք ողջունում ենք արցախահայ քույրերի և եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։

Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա։

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։

Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի։

«Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք, Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Թուրքիան չպետք է Հայաստանի Հանրապետության հետ խոսի վերջնագրերի լեզվով։

Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր։ Հայաստանի օրվա իշխանությունն, ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։

Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։

Մենք հայտարարույմ ենք, որ ՀՀ սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով՝ ՀՀ օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առ ոչինչ։

Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։

Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմի

Ո՛չ բացառում եմ, ոչ էլ չեմ բացառում․ Վանեցյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

Ո՛չ բացառում եմ իմ մասնակցությունը, ո՛չ էլ չեմ բացառում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա և ավելացրեց․«Այս պահին այդ հարցը թողնում եմ առանց մեկնաբանության: Կարծում եմ՝ մյուս տարի այդ հարցին կանդրադառնամ: Եթե որոշում կայացնեմ, որ մասնակցելու եմ՝ կասեմ»։

«Ամբողջ աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա»․ Երթի մասնակիցները կառավարության շենքի մոտ այրեցին խաղաղության խորհրդանշական պայմանագիրը

Ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ խորհրդանշական ակցիա անցկացրին։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ այրելու են երթի մասնակիցների մոտ գտնվող սպիտակ փաստաթուղթը, որը խորհրդանշում է խաղաղության պայմանագիրը, այնինչ այն իրականում նոր կապիտուլյացիա է։
«Կառավարության շենքի դիմաց կայրենք խաղաղության պայմանագրի անվան տակ՝ կապիտուլյացիան խորհրդանշող այս թուղթը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա։

Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ակցիայի մասնակիցներն այրեցին խորհրդանշական փաստաթուղթը, այնուհետև շարունակեցին երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով

Պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի. Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակից՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

«Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է. միասնականություն մեր երկրում, միասնականություն և համերաշխություն Արցախին, սփյուռքին։ Այս հանրահավաքը դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք», — հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ սուտ է այս իշխանությունների խոստացած խաղաղությունը.

«Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր ու ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու ծրագիր։ Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից մինչև Մոսկվա, Բեյրութից մինչև Լոս Անջելես, Աթենքից մինչև Փարիզ, Սյունիքից մինչև Դամասկոս և Բեյրութ»։

Սաղաթելյանն ասաց, թե ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է.

«Կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով։ Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի»։

Մենք երբեք չենք ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Արցախն ու Հայաստանն աշխարհին ուղերձ են հղում՝ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Շատ կարևոր է, որ աշխարհը հասկանա հետևյալ միտքը՝ կիրակի օրը Արցախի Վերածննդի հրապարակում ու այսօր այստեղ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ պարզ, հստակ ասում են, որ մենք երբեք չենք ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը», — ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև նշեց՝ Արցախն օգնության կոչ է ուղղում նաև մայր Հայաստանին ու ակնկալում, որ մայր Հայաստանը կկանգնի իր կողքին այնպես, ինչպես արել է միշտ։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շեշտեց նաև՝ Հայաստանի անունից բանակցողը պետք է փոխվի, քանի որ այդ դեպքում հնարավոր է խուսափել նրա բանավոր տված խոստումներից, դրանց հետևանքներից ու նոր պրոցես սկսել։

«Ինչ կտա հիմնական բանակցողի փոփոխությունը․ առաջինը՝ կտա այն, որ մեր երկիրը էլ կրակը չի ընկած լինի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը։ Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել։

Եթե հիմնական բանակցողը փոխվի, մենք կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերը անվանում է «ադրբեջանական»։

Եթե հիմնական բանակցողը փոխվի, այլ երրների ղեկավարներն էլ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ աշխարհը պետք է նաև հասկանա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի անունից։