Տոյվո Կլաարը հայտնում է, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա

Օրերս եվրոպական blankspot.se լրատվականում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակին, որտեղ մի շարք դիտարժան տեղեկատվություններ կան: Այդ հոդվածում մեջբերված են թե՛ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները ԵՄ առաքելության գործունեության հետ կապված: Եթե ամփոփենք, ապա. 1. Առաքելության ղեկավարը հայտնել է, որ առաքելությունը մեկ շաբաթ շուտ տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանին իրենց այցելությունների ժամանակացույցի և վայրերի մասին: Հարց. Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու դիտորդների այցելության մասին, ապա ի՞նչ են ակնկալում արձանագրել դիտորդները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ սադրանք այդ ուղղությամբ չի իրականացնելու, քանզի տեղյակ է դիտորդների ներկայության մասին: Այդ դեպքում ո՞րն է դիտարկելու իմաստն ու արդյունավետությունը: 2. Տոյվո Կլաարը միևնույն հարցին պատասխանելիս հայտնել է, որ ոչ թե մեկ շաբաթ, այլ ՝ շաբաթվա սկզբից 2-3 օր շուտ են տեղեկացնում այցելությունների մասին: Ի դեպ, այդ հոդվածում Տոյվո Կլաարի և Մարկուս Ռիտտերի մեկնաբանությունների միջև սա միակ տարբերությունը չէ: Առաջ անցնելով ասեմ, որ ակնհայտ է՝ Կլաարն առավել շատ դիվանագիտական, քաղաքական մեկնաբանություններ է անում, իսկ ԵՄ առաքելության ղեկավարը՝ ծառայողական: Ուստի, հակված եմ առավել վստահել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տրամադրած տեղեկատվությանը: 3. Ըստ առաքելության ղեկավարի մեկնաբանության՝ Ադրբեջանի հետ կապը պահվում է Տոյվո Կլաարի միջոցով և մի դեպք արդեն իսկ գրանցվել է, երբ Ադրբեջանի նախագահը փոխանցել է Կլաարի միջոցով՝ այցելել Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներից մեկը». այս դրվագն ինքնին զարհուրելի է: 4. Կլաարի մեկնաբանությամբ դա չի արվել Ալիևի խնդրանքով, այլ՝ որպես ընթացիկ մշտադիտարկման ծրագրի մի մաս (ինչպես արդեն նշեցի, հակված եմ վստահել առաքելության ղեկավարին, ոչ թե՝ դեսպանին): Կլաարը հայտնում է նաև, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա: Հիշեցնեմ, որ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարբերաբար ժխտում են, որ նման թեմա են քննարկում ադրբեջանցիների հետ: Ի մի բերելով այս տեղեկատվությունը, կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան ՝ պատասխանները. * Այդպես էլ հայտնի չդարձավ, թե նրանք ինչպես են ուժեղացնում ՀՀ անվտանգությունը: * Դեռևս հստակեցված չէ իրավական հիմքը՝ երկկողմ պայմանագիրը Հայաստանի հետ, ինչի հիման վրա են նրանք գործում և ինչ հիմքով են տեղեկատվություն փոխանցում Ադրբեջանին: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում են, ի դեպ, դրա մասին նշում է նաև հոդվածագիրը, որ առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՝ ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ:

Լրահոս