Այսպիսի խայտառակ պատկեր ունենք մեր երկրում, որն անզեն աչքով է նույնիսկ երևում

Խիստ հասկանալի հիստերիկ միջավայր ա ձևավորվել պետական ապարատում թշնամու թիմի հեռանալու կապակցությամբ: էլ ԿԳՍՄ-ն է հայտարարություններ տարածում և մեկնաբանում, էլ ուսապարկերն են ներողություններ խնդրում և ամաչում, որ իրենք Հայ են: Իսկ ո՞րն է նման հիստերիկ շտապողականության պատճառը, կարծում եմ որ նմանատիպ իրավիճակն անպատճառ չէ: Կապիտուլյանտի տերերը ըստ ամենայնի զգուշացրել են իրենց ճորտին, որ պատասխանը իրեն սպասեցնել չի տալու, դրա համար էլ սրանք իրենց բոլոր հասանելի լծակներով մաքսիմալ սկսել են ծալվել թշնամու առաջ և փորձում են ձեռքի տակ եղած խողովակ/ուսապարկերով մեսիջներ հասցնել իրենց «մեծերին» և ներողամտություն աղերսել:
Ահա այսպիսի խայտառակ պատկեր ունենք մեր երկրում, որն անզեն աչքով է նույնիսկ երևում:
Հ.Գ. Մեր երկիրն այսպիսի վիճակի բերողները պատասխան են տալու, այս թշվառ վիճակը ամբողջությամբ արտացոլում է կապիտուլյանտի ու նրա խունտայի էությունը, որը սրանք փորձում են փաթաթել Հայաստանի վրա, բայց ոչ Հայն է այդպիսին ոչ էլ Հայաստանը:

Մարզահամերգային համալիրում այրվող Ադրբեջանի դրոշի հետ համատեղ այրվեց նաև Նիկոլի ու իր թիմակիցների` առանց այդ էլ 0֊ի հասած վարկանիշը

Հետաքրքիր է, ինչու՞ են նիկոլենք խառնվել իրար` Ադրբեջանի դրոշը վառելուց ու ադրբեջանցիների` Հայաստանից հեռանալուց հետո։
Տեսնում եք չէ՞, թե Նիկոլն ինչքան է վախենում Ալիևից, որովհետև հավանաբար նրան խոստացել էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչներին ըստ արժանվույն կդիմավորեն, բայց խոստումը չկատարեց։
Այս դավաճանները չեն ամաչում թուրք լինելուց, բայց ամաչում են հայրենասեր լինելուց։
Արդյո՞ք սրանց սպառնացել են` իրենց մասին կոմպրոմատներ հրապարակելով։ Սրանք, որ հնարավորություն ունենային հաստատ ծնկաչոք էլ ներողություն կխնդրեին։
Միայն Նիկոլն ու ՔՊ֊ն կարող էին ներողություն խնդրել այն երկրից, որը հայ զինվորի գլուխ կտրած ռամիլ սաֆարովին ազգի հերոսի կոչում տվեց, իսկ Նիկոլի իշխանությունը Ադրբեջանի դրոշը վառողին տանում է ոստիկանություն։
Չ՛զարմանաք, որ նրան դատեն` Ադրբեջանի կողմից ներում ստանալու համար, չ՛զարմանաք, որ նոր օրենք ընդունեն ու դատապարտեն բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն վառել Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշները, չ՛զարմանաք, ուղղակի չ՛զարմանաք։
Երեկ, Մարզահամերգային համալիրում այրվող Ադրբեջանի դրոշի հետ համատեղ այրվեց նաև Նիկոլի ու իր թիմակիցների` առանց այդ էլ 0֊ի հասած վարկանիշը։ Այսօր, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց թրքահպատակ լինելու փաստը։

Ադրբեջանցիների պատվիրակությունը լքել է Հայաստանի տարածքը, Թբիլիսիից կթռչեն Բաքու

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունից «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիները արդել լքել են Հայաստանի տարածքը։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական պատվիրակությունը հատել է Վրաստանի ​​սահմանը և ավտոբուսով ուղևորվում է Թբիլիսի, որտեղից երեկոյան ինքնաթիռով կթռչեն Բաքու։ Սպասվում է, որ նրանք այնտեղ կլինեն տեղական ժամանակով՝ 21։20-ին։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ապրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 15-ին, 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ է ուղարկել միջազգային գործընկերներին

Ազգային ժողովի լրատվական ծառայությունից հայտնում են՝ ԱԺ նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները և կառույցների ներկայացուցիչները:

Տոյվո Կլաարը հայտնում է, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա

Օրերս եվրոպական blankspot.se լրատվականում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակին, որտեղ մի շարք դիտարժան տեղեկատվություններ կան:

Այդ հոդվածում մեջբերված են թե՛ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները ԵՄ առաքելության գործունեության հետ կապված:

Եթե ամփոփենք, ապա.

1. Առաքելության ղեկավարը հայտնել է, որ առաքելությունը մեկ շաբաթ շուտ տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանին իրենց այցելությունների ժամանակացույցի և վայրերի մասին:

Հարց.

Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու դիտորդների այցելության մասին, ապա ի՞նչ են ակնկալում արձանագրել դիտորդները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ սադրանք այդ ուղղությամբ չի իրականացնելու, քանզի տեղյակ է դիտորդների ներկայության մասին:

Այդ դեպքում ո՞րն է դիտարկելու իմաստն ու արդյունավետությունը:

2. Տոյվո Կլաարը միևնույն հարցին պատասխանելիս հայտնել է, որ ոչ թե մեկ շաբաթ, այլ ՝ շաբաթվա սկզբից 2-3 օր շուտ են տեղեկացնում այցելությունների մասին:

Ի դեպ, այդ հոդվածում Տոյվո Կլաարի և Մարկուս Ռիտտերի մեկնաբանությունների միջև սա միակ տարբերությունը չէ:

Առաջ անցնելով ասեմ, որ ակնհայտ է՝ Կլաարն առավել շատ դիվանագիտական, քաղաքական մեկնաբանություններ է անում, իսկ ԵՄ առաքելության ղեկավարը՝ ծառայողական:

Ուստի, հակված եմ առավել վստահել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տրամադրած տեղեկատվությանը:

3. Ըստ առաքելության ղեկավարի մեկնաբանության՝ Ադրբեջանի հետ կապը պահվում է Տոյվո Կլաարի միջոցով և մի դեպք արդեն իսկ գրանցվել է, երբ Ադրբեջանի նախագահը փոխանցել է Կլաարի միջոցով՝ այցելել Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներից մեկը». այս դրվագն ինքնին զարհուրելի է:

4. Կլաարի մեկնաբանությամբ դա չի արվել Ալիևի խնդրանքով, այլ՝ որպես ընթացիկ մշտադիտարկման ծրագրի մի մաս (ինչպես արդեն նշեցի, հակված եմ վստահել առաքելության ղեկավարին, ոչ թե՝ դեսպանին):

Կլաարը հայտնում է նաև, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա:

Հիշեցնեմ, որ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարբերաբար ժխտում են, որ նման թեմա են քննարկում ադրբեջանցիների հետ:

Ի մի բերելով այս տեղեկատվությունը, կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան ՝ պատասխանները.

* Այդպես էլ հայտնի չդարձավ, թե նրանք ինչպես են ուժեղացնում ՀՀ անվտանգությունը:

* Դեռևս հստակեցված չէ իրավական հիմքը՝ երկկողմ պայմանագիրը Հայաստանի հետ, ինչի հիման վրա են նրանք գործում և ինչ հիմքով են տեղեկատվություն փոխանցում Ադրբեջանին:

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում են, ի դեպ, դրա մասին նշում է նաև հոդվածագիրը, որ առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՝ ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ:

Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը շատ արագ հարթվել է և որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։ Այդ մասին ասված է նախարարության հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։

Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը։

Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում, Ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն այս օրերին գտնվում է Տեղ համայնքում։

«Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ անգամ իրենց հողերին։
Ապացույցները հաստատում են` ավելի քան հարյուրավոր հեկտար վարելահող ու արոտավայր կա´մ անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, կա´մ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։

Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրված օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականության իրավունքը հողատարածքների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, ադրբեջանակա զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ:

Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնավորված են նրանց հեռացնելու և խաղաղ բնակչության պաշտպանության համար անվտանգության գոտու ապահովման պահանջները», — գրել է Թաթոյանը։

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:

Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին ժամանել էր Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են:

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:

Առաջնությունը կընթանա ապրիլի 15-23-ը։

Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների հետ, ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ. պատգամավոր

Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է:
Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն:

Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները:

Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով:

Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է` ինչ գնով էլ լինի:

Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է` իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով:

Պինդ կաց Արցախ»։