Հունաստանի ԱԳ նախարարը Էրդողանի սադրիչ հռետորաբանությունը համեմատել է Կիմ Չեն Ընի ռեժիմի հետ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սադրիչ հռետորաբանությունը համեմատել է Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընի ռեժիմի հետ, հաղորդում է Greek City Times-ը: «Մեր հայրենիքը կայունության հենասյունն է եւ էներգետիկ հանգույցը։ Նրանք (Թուրքիան) ուժեղացնում են իրենց սադրիչ պահվածքը Հյուսիսային Կորեայի ոճով սպառնալիքներով, ներառյալ հրթիռներն ու հաղորդագրությունները, որ Հունաստանն իր կղզիներում ինքնիշխանություն չունի, ինչպես նաեւ այսպես կոչված «Կապույտ հայրենիքի» մասին պատմություններով եւ կեղծ պետականությունը արդիականացնելու փորձերով՝ օկուպացված Կիպրոս: Ես կրկնում եմ Հունաստանի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։ Մենք չենք դադարի արձագանքել յուրաքանչյուր անօրինական հայտարարության, անօրինական համաձայնագրի եւ մեր դեմ ցանկացած հռետորաբանության: Մենք մեր վրա յուրաքանչյուր հարձակումը կարտացոլենք միջազգային իրավունքի վրա հիմնված փաստարկներով»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ «թուրքական ռեւիզիոնիզմը փորձում է խախտել հավասարակշռությունը ավելի լայն տարածաշրջանում»։ «Աշխարհը փոխվել է։ Մենք որպես հիմնական սկզբունք ունենք միջազգային իրավունքը եւ վեճերի խաղաղ կարգավորումը։ Հունաստանը քարոզչությանը չի պատասխանում քարոզչությամբ։ Սա առանձնացնում է ժողովրդավարական աշխարհը ավտորիտարիզմից։ 19-րդ դարի հրետանավակների դիվանագիտության տրամաբանությունը վերացել է»,-ասել է նա։ Դենդիասը հավելել է, որ Թուրքիայում մարդկանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն, քանի որ դա զարգացում եւ բարգավաճում կբերի տարածաշրջանին, իսկ դա այն է, ինչին ձգտում Է Հունաստանը:

Լրահոս