Կատարում առաջին անգամ նշել են, որ հարյուրավոր միգրանտներ են մահացել աշխարհի առաջնությանը պատրաստվելիս

Կատարի՝ Աշխարհի առաջնություն – 2022-ի անցկացման գերագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Հասան ալ-Թավադին ասել է, որ առաջնության օբյեկտների շինարարության ժամանակ մահացած աշխատող միգրանտների թիվը 400-500 է։ «Ըստ գնահատականների՝ մահերի թիվը 400 է։ 400-ի եւ 500-ի միջեւ։ Ստույգ թիվ ես չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ է։ Ամեն տարի առողջության եւ անվտանգության չափորոշիչներն օբյեկտներում բարելավվում են, համենայն դեպս՝ մեր օբյեկտներում, աշխարհի առաջնության օբյեկտներում, որոնց համար պատասխանատվություն ենք կրում»- ասել է ալ-Թավադին լրագրող Փիրս Մորգանի հարցազրույցում։ Կատարը բազմաթիվ անգամ քննադատվել է մարդու իրավունքների եւ առաջնության անցկացման նպատակով մարզադաշտերի կառուցման ժամանակ աշխատող միգրանտների համար ստեղծված պայմանների հետ կապված։ Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին եւ ավարտվելու է 2022թ. դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարն անցնում է հինգ քաղաքների ութ մարզադաշտերում։ Եզրափակիչը տեղի է ունենալու «Ազգային մարզադաշտում»։

Լրահոս