Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում

Բելառուսում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Բելառուսում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է Գոմելի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում։

Նախ հաղորդվել է, որ հոսպիտալացման պատճառը հայտնի չէ, սակայն ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ Կոլեսնիկովային «հիվանդանոց են տեղափոխել վիրաբուժական պաթոլոգիայով եւ վիրահատել»։

«Այժմ նա կայուն ծանր վիճակում է։ Վաղը կտեղափոխվի վիրաբուժական բաժանմունք»,-Facebook-ում հայտնել են նրա աջակիցները։

2021 թվականի սեպտեմբերին Մինսկի դատարանը Կոլեսնիկովային 11 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղադրել են իշխանության զավթման նպատակով դավադրության, իշխանության զավթման հրապարակային կոչերի եւ «ծայրահեղական կազմավորում» ստեղծելու մեջ։ Կոլեսնիկովան իր դեմ մեղադրանքներն «անհեթեթություն» է անվանել։ Նա հրաժարվել է համագործակցել քննության հետ՝ իր ազատման դիմաց։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են ելույթ ունենալ պետական հեռուստաալիքով, ինչպես դա արել է NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը։

Ավելի վաղ Կոլեսնիկովան աշխատել է Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի ընտրական շտաբում։ Բաբարիկոյի ձերբակալությունից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական արշավում, ապա ընդգրկվել ընդդիմության կոորդինացիոն խորհրդի կազմում։

Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ

Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկ: Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել  Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝  պատճառելով 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:

Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։

Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։

Ֆուտբոլի Հայաստանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հանդիպումը տեղի մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարը դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է։

Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի և փամփուշտների պահման պայմանները, ամբողջականությունը և անվտանգության պայմանները ստուգելու նպատակով, այցելել է Կոշ գյուղի բնակիչներից մեկի տուն: Ոստիկանությունից հայտնում են, որ 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի 12 մմ տրամաչափի զենքի պահման պայմանները ստուգելու ժամանակ չհրկիզվող պահարանում հայտնաբերել է ապօրինի պահվող որսորդական հրազեն:

24-ամյա երիտասարդը, ապօրինի զենք պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Կատարում առաջին անգամ նշել են, որ հարյուրավոր միգրանտներ են մահացել աշխարհի առաջնությանը պատրաստվելիս

Կատարի՝ Աշխարհի առաջնություն – 2022-ի անցկացման գերագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Հասան ալ-Թավադին ասել է, որ առաջնության օբյեկտների շինարարության ժամանակ մահացած աշխատող միգրանտների թիվը 400-500 է։

«Ըստ գնահատականների՝ մահերի թիվը 400 է։ 400-ի եւ 500-ի միջեւ։ Ստույգ թիվ ես չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ է։
Ամեն տարի առողջության եւ անվտանգության չափորոշիչներն օբյեկտներում բարելավվում են, համենայն դեպս՝ մեր օբյեկտներում, աշխարհի առաջնության օբյեկտներում, որոնց համար պատասխանատվություն ենք կրում»- ասել է ալ-Թավադին լրագրող Փիրս Մորգանի հարցազրույցում։

Կատարը բազմաթիվ անգամ քննադատվել է մարդու իրավունքների եւ առաջնության անցկացման նպատակով մարզադաշտերի կառուցման ժամանակ աշխատող միգրանտների համար ստեղծված պայմանների հետ կապված։

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին եւ ավարտվելու է 2022թ. դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարն անցնում է հինգ քաղաքների ութ մարզադաշտերում։ Եզրափակիչը տեղի է ունենալու «Ազգային մարզադաշտում»։

Ճապոնիան առաջին անգամ հրթիռային գրոհի դեմ ուղղված զորավարժանքներ է անցկացրել

Ճապոնիան առաջին անգամ բալիստիկ հրթիռների արձակման դեպքում բնակչության տարհանման զորավարժանքներ է անցկացրել, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նշվել է, որ միջոցառումները տեղի են ունեցել չորեքշաբթի, նոյեմբերի 30-ին, Թայվանի մոտ գտնվող ճապոնական Յոնագունի կղզում։ Բնակիչներին սովորեցրել են հրթիռակոծումից պաշտպանվելու, շչակների ազդանշաններին եւ ռադիոյով արվող նախազգուշացումներին արագ արձագանքելու մեթոդները։ Նշվել է նաեւ, որ զորավարժություններին մասնակցել են Ճապոնիայի կառավարության անդամները։

Ինչպես նշել է ճապոնական գործակալությունը, օգոստոսին Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակն այս շրջանում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել՝ հրթիռային արձակումներով։ Բալիստիկ հրթիռներից մեկն ընկել է ծովը Յոնագունի կղզուց մոտ 80 կիլոմետր հեռավորությամբ։

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Փորձաքննություններն այս պահին ընթանում են, մոտական օրերին կունենանք  ավարտուն արդյունքներ», — ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում  և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։

Կիեւյան կամուրջն այսօր 10 ժամով փակվելու է

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը:

Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: