Եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Հայաստանին՝ մասնավորապես կազմակերպության «քանդվելու» մասին խոսակցություններին: «Այո, այդպես ասում են: Բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն աշխատում են կոնսենսուսի հիման վրա և հարգում են այն նրբությունները, երբեմն կարևոր, որոնք միշտ առաջանում են այս կամ այն կողմից իրական կյանքում... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ ենք աշխատել։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտեց իր գործունեությունը։ Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - ասել է Լավրովը։

Լրահոս