Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան. Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովy ձերբակալությունից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ Փարիզ ժամանելուց հետո 4 օր շարունակ հարցաքննվել է ոստիկանությունում։ Նա ֆրանսիական իշխանությունների պնդումներն անվանել է «ապշեցուցիչ» և ասել, որ Telegram-ը համապատասխանում է օրենքներին, և մեսենջերն ունի ներկայացուցիչ ԵՄ-ում, ով պատասխանում է հարցումներին։ Փարիզը նաև Դուրովի հետ անձամբ կապ հաստատելու բազմաթիվ ուղիներ ունի, և նա մեկ անգամ չէ, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի հյուպատոսություն։ «Որոշ ժամանակ առաջ, երբ նրանք ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ով թեժ գիծ ստեղծել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- գրում է Դուրովը։ Նրա խոսքով, եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ձևավորված պրակտիկան ծառայության դեմ հայց ներկայացնելն է, այլ ոչ թե գլխավոր տնօրենին մեղադրել երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների մեջ։ «Երբեմն մենք չենք կարող համաձայնել երկրի կարգավորիչի հետ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության վերաբերյալ: Նման դեպքերում մենք պատրաստ ենք հեռանալ այս երկրից։ Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը պահանջեց մեզնից հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց փակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը»,- օրինակներ է բերել Դուրովը։ Նա հավելել է, որ Telegram-ը պատրաստ է հեռանալ շուկաներից, որոնք անհամատեղելի են իր սկզբունքներին։ «Մենք դա փողի համար չենք անում»,- վստահեցնում է Դուրովը։ Նա նաև հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներում այն պնդումները, թե Telegram-ը մի տեսակ անարխիկ դրախտ է, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը․ «Մենք ամեն օր հեռացնում ենք միլիոնավոր վնասակար հաղորդագրություններ և ալիքներ: Մենք հրապարակում ենք թափանցիկության ամենօրյա հաշվետվություններ: Մենք ունենք ուղիղ թեժ գծեր ՀԿ-ների հետ' մոդերացիայի հրատապ հարցումները ավելի արագ կարգավորելու համար: Այնուամենայնիվ, մենք լսում ենք կարծիքներ, որ ասում են՝ դա բավարար չէ: Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը հեշտացրել է հանցագործների կողմից մեր հարթակի չարաշահումը։ Ահա թե ինչու ես ինքս ինձ նպատակ եմ դրել զգալիորեն բարելավել իրավիճակը այս առումով: Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը ընկերության ներսում, և ես շատ շուտով ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մանրամասներով», - հավելել է Telegram-ի հիմնադիրը։

Լրահոս