Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է 2/3-ով՝ հասնելով 8 տարվա նվազագույնի

Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է 2/3-ով՝ հասնելով 8 տարվա նվազագույնի 6 հունվարի, 2023 13:51 Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ կանխատեսումների համաձայն՝ եռամսյակային շահույթը կնվազի երկու-երրորդով՝ հասնելով մինչև ութ տարվա նվազագույնին։ Պատճառը թուլացող գլոբալ տնտեսությունն է, որը բացասաբար է ազդել հիշողության չիպերի գների վրա և սահմանափակել էլեկտրոնային սարքերի պահանջարկը, որոնց արտադրությամբ զբաղվում է ընկերությունը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին իր շահույթը, հավանաբար, կնվազի 69%-ով՝ մինչև 4,3 տրլն վոն (3,37 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա 13,87 տրլն վոնի դիմաց (11,5 մլրդ դոլար): Սա Samsung-ի եռամսյակային ամենափոքր շահույթն է 2014 թ․ երրորդ եռամսյակից ի վեր։ «Samsung-ի բոլոր բիզնեսների համար դժվար ժամանակներ են եղել, հատկապես չիպերի ու բջջային սարքերի համար»,- ասել է BNK Investment & Securities ընկերության վերլուծաբան Լի Մին Հին: Եռամսյակային հասույթը, ըստ ընկերության կանխատեսումների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կնվազի 9%-ով: Շուկայական արժեքով Ասիայի չորրորդ խոշորագույն ընկերությունը եկամուտների մասին մանրամասն ինֆորմացիա կհրապարակի հունվարի 31-ին: Գործակալությունը նշում է, որ համաշխարհային տոկոսադրույքների և կենսապահովման ծախսերի աճը նվազեցրել է սմարթֆոնների և այլ սարքերի նկատմամբ պահանջարկը, որոնք արտադրում է Samsung-ը, ինչպես նաև կիսահաղորդիչների պահանջարկը, որոնք ընկերությունը մատակարարում է այնպիսի մրցակիցներին, ինչպիսին է Apple Inc.-ն է։ «Հիշողության չիպերի բիզնեսի համար չորրորդ եռամսյակի պահանջարկի անկումն սպասվածից ավելի մեծ էր, քանի որ հաճախորդները ճշգրտել են իրենց պահեստային պաշարները՝ ֆինանսական ծախսերն էլ ավելի կրճատելու համար…»,- ասվում է Samsung-ի հայտարարությունում: Ընկերությունը նաև պարզաբանել է, որ չորրորդ եռամսյակում նվազել է նաև բջջային սարքերի բիզնեսի շահույթը, քանի որ սմարթֆոնների վաճառքն ու եկամուտը նվազել են թույլ պահանջարկի պատճառով, որն առաջացել է մակրոտնտեսական երկարատև խնդիրների հետևանքով։ «Հիշողության չիպերի գները եռամսյակի ընթացքում իջել են 20%-ով, իսկ ծալվող էկրանով բարձրակարգ հեռախոսները լավ չեն վաճառվել»,- բացատրել է BNK Investment ընկերության վերլուծաբան Լի Մին Հին՝ հավելելով, որ Samsung-ի էկրանների բիզնեսը տուժել է եռամսյակի ընթացքում իր հաճախորդներից Apple-ի՝ Չինաստանում գտնվող iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանում արտադրության ուշացումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, առնվազն երեք վերլուծաբաններ կանխատեսել են, որ ընթացիկ եռամսյակում Samsung-ի շահույթը կրկին կնվազի, ինչի հետևանքով հնարավոր է, որ չիպերի բիզնեսի վնասներ կրի, քանի որ շուկայում չիպերի առատությունը կհանգեցնի դրանց գների հետագա անկմանը:

Լրահոս