Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։

Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ընտրություններն են 2020 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, ըստ որոնց, երկրի ղեկավարի պաշտոնը տվյալ անձը կարող է զբաղեցնել 2 անգամ՝ 6 տարի ժամկետով։ Սահմանադրական բարեփոխումները նաև «զրոյացրին» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ պաշտոնավարման ժամկետները՝ թույլ տալով նրան կրկին առաջադրվել։

Ընտրվելու դեպքում Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։

Վլադիմիր Պուտինի դեմ պայքարում է երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է փոխնախարարին՝ կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման պատճառով

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է մարդկային կապիտալի փոխնախարարին  պետության ղեկավարի և կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման հետ կապված սկանդալից հետո։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես աշխատանքից ազատել եմ աշխատանքի փոխնախարարին:

Այժմ նրան ծանուցում են այդ մասին: Ես նրան աշխատանքից ազատեցի մի սխալի համար, որը չպետք է արվեր»,- ասել է նա LN+ հեռուստաալիքի եթերում:

Ղազախստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Ալմաթիում աշխատել են շչակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 11։22-ին, էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ դեպի հարավ, 10 կմ խորության վրա։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն Ալմաթիից հաղորդում է, որ ուժգին ցնցումներ զգալուց հետո մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի hոգեհանգստին ու հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Մոսկվա պատվիրակություն կմեկնի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստանից Ռուսաստան պատվիրակություն գործուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին.

2) Գնել Սանոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.

3) Արամ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին.

4) Մուշեղ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վահե Ղալումյանի, Դավիթ Առուշանյանի, Շիրակ Թորոսյանի և Միքայել Թումասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված արարողակարգային հարցերը»,- նշված է որոշման մեջ:

Պուտին. Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են՝ երաշխավորված օգտագործման համար։ Այն, ինչ մենք նախատեսել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել էի 2018 թվականի իմ ուղերձում, բոլորն արվել է կամ այս աշխատանքն ավարտվում է»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Թողեք խմելը, դահուկ քշեք. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում զգալիորեն նվազել է ալկոհոլի, հատկապես թունդ ալկոհոլի օգտագործումը։

«Մենք զգալիորեն կրճատել ենք ալկոհոլի և, առաջին հերթին, թունդ ալկոհոլի օգտագործումը: Եվ դա, իհարկե, ազդում է ազգի առողջության վրա»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում։

Պուտինը մի հին անեկդոտ է հիշել. «Թողեք խմելը, դահուկ քշեք». «Եկել է հենց պահը», — ասել է ՌԴ նախագահը։

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Ըստ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին՝ Ֆինի շրջանում: Երկրաշարժի օջախի խորությունը 21 կիլոմետրի վրա է։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Օրինապաշտ միգրանտները կարող են գալ ու աշխատել, օրինազանցները կպատժվեն․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործություն կատարած միգրանտները կենթարկվեն քրեական խիստ պատասխանատվության, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով՝ անհրաժեշտ է վերահսկել երկիր մուտք գործող աշխատուժը, ստեղծել տվյալների միասնական բազա, որտեղ ներառված կլինեն միգրանտների կենսաչափական տվյալները։

«Այն միգրանտներն, ովքեր Ռուսաստանի տարածքում հանցագործություն կկատարեն, կենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության, դրանում կասկած չկա։ Նրանք, ովքեր տնտեսական հարաբերությունների օրինապաշտ մասնակիցներ են, կարող են գալ ու աշխատել։ Մենք հասկանում ենք, որ առանց աշխատուժի այդ աղբյուրի անհնար է ապրել, բայց ինչ անել, ա՛յ դա է ամենակարևորը։ Պետք է վերահսկել իրավիճակը։ Իսկ դա հնարավոր է իրականացնել թվային ծառայությունների միջոցով, որոնք ակտիվորեն ներդրվում են։ Այդպիսի խնդիր դրված է»,- ասել է Մեդվեդևը։

Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված լինելու այդ ռազմական գործողությունները», — ասել է Խրենինը:

Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։

Ինչ նվեր է արել Պուտինը Կիմ Չեն Ընին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «Աուրուս» մեքենա է նվիրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը փետրվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել։

«Այո, դա «Աուրուս» մեքենան է», — ասել է Պեսկովը: