Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարի պահին կանգնած է եղել լուսաֆորի կարմիր լույսի ներքո։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից ժամեր անց Արտյոմ Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները Մելիք Բադալյանի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց, ով հայտարարել է, որ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
Թմրանյութի հայտնաբերման փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Իսկ վթարի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտյոմ Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։
Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am

Մաշտոցի քննչական բաժնում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը վիրահատվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրել է Yerkir.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ երիտասարդը տևական ժամանակ օնլայն խաղերով է տարված եղել, որի արդյունքում մեծ պարտքեր է կուտակել։ Ինքնասպանության փորձ կատարած Վահագն Մ.-ն վերջին շրջանում ինքնամփոփ է եղել, չի շփվել գործընկերների հետ և լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:
Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ապարանի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Խոշոր վթար Բուժականում․ Տուժածների մեջ 7-ամյա երեխա կա

Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Ք․, ծնված 1988 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաներն․ առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Ք․-ն (ծնված 2016 թ.), Ա․ Լ․-ն (ծնված 1994 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Լ․-ն, Ա. Մ․-ն և Հ. Բ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը»:
Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Վայքում տեղումներ են

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի, Հրազդանի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Վայքի տարածաշրջաններում անձրև է տեղում, իսկ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն։
Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
«Հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի պարկուճ»․ Նոր մանրամասներ` Մաշտոցի բաժնի ոստիկանի ինքնասպանության փորձի վերաբերյալ

2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:
Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:
Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:
Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հրանտ Մարգարյանն ԱԱԾ է հրավիրվել․ Armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ է հրավիրվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ում հարցաքննել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ըստ Armlur.am-ի՝ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Լրատվամիջոցն այս տեղեկությունը փորձել է պարզել Նորայր Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ»-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող ջերմոցային տնտեսության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:
2021֊2022 թվականների ընթացքում, Ա.Գ.-ն «Տելեգրամ» հավելվածում իր կողմից ստեղծված և կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակով, զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ ներգրավելով նաև այլ հանցակիցների:
Ա.Գ.-ի կողմից կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակի միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:
Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):