Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում:
ԵԽԽՎ հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից իրեն ուղղված միջոցները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ․
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մեծապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամով։
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Հայաստանին կապող կյանքի ճանապարհն է:
Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։
Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց ուղղված միջոցները, որոնց որոշումներում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունը՝ «Երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը» (Եռակողմ հայտարարություն. հոդված 6):
Հանձնաժողովը նաև վկայակոչում է նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ՝ այդ թվում․
— Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Արբեջանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների 2022թ․ դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք կոչ ենք անում 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», և
— Եվրոպական խորհրդարանի 2023թ․ հունվարի 19-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»:
Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է. պատգամավոր

Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ Ալիևի` «խաղաղության պայմանագրի» կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել` «խաղաղության օրակարգի» տակ պետք է հասկանալ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը:
Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:
Այսինքն` Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է»։
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։
Սարգսյանն ասաց, որ շարունակելու է աշխատել ՔՊ–ի հետ։
Խաղողի այգիներում աշխատող 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ․ Արցախի ՆԳՆ

Մարտի 15-ին, ժամը 11-ի սահմաններում, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի, էտման աշխատանքներ կատարելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, հաղորդում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։
«Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը կեղծիք է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չէ կանգնել. Սերժ Սարգսյան

Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց էս անձրեւի տակ պետք չի կանգնել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի մոտ դիմելով իր աջակիցներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրանք Սերժ Սարգսյանին առողջություն ցանկացան: Ի պատասխան Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ու նստեց մեքենան:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 9-ին շարունակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։
ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղի դեպի Մոսկվա, մի՛ նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ․ Շարմազանով

Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմնազանովը։
«Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը, սա չի քննարկվում, որովհետև Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։ Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ։ Կամ Ռուսաստանը մեղավոր չէ, որ Նիկոլը իրենց գցել է, կամ Նիկոլը այսօր իշխանության է։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում, բունկերում պախկվել էր, ո՞ւր էր Նիկոլը։ Պատահական չէ, որ ընտրվելուց հետո, երբ գնաց Մոսկվա, Վլադիմիր Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ ասաց հուսով եմ՝ տվածդ խոստումները կկատարես»,- ասաց նա։
Շարմազանովը նշեց, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր երկրները լուրջ չեն վերաբերվում Հայաստանին, ինչը անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: