BRICS-ի երկրները քննարկել են բնապահպանական խնդիրների լուծման ուղիները

Նիժնի Նովգորոդում բնապահպանական խնդիրների վերաբերյալ BRICS-ի միջոցառումների առաջին օրվա շրջանակներում քննարկումներ են ծավալվել «BRICS մաքուր գետեր» ծրագրի իրականացման, BRICS-ի գործընկերություն հանուն բնապահպանական կայուն քաղաքների նախաձեռնության, ինչպես նաև երիտասարդության դերի մասին բնապահպանական խնդիրների լուծման գործում: Մասնակիցներին, մասնավորապես, ներկայացվել են նավահանգստային տարածքների ծովի հատակը պլաստիկից և այլ աղբից մաքրելու նորարարական տեխնոլոգիաներ, իսկ երկրների ներկայացուցիչները քննարկել են միկրոպլաստմասսաների ուսումնասիրման հարցեր: Մոսկվան և Նիժնի Նովգորոդի մարզը ներկայացրել են քաղաքների էկոլոգիայի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքները։ Իսկ Ռուսաստանի էկոլոգիական ընկերության մասնակցությամբ կողմերը քննարկել են բնապահպանական խնդիրների լուծմանը երիտասարդներին ներգրավելու հարցեր։ Հիշեցնենք, որ 2024 թվականին BRICS-ի նախագահությունն անցել է Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է շուրջ 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառում Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքներում։ BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որն ի սկզբանե ձևավորվել է Բրազիլիայի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի կողմից: 2024 թվականի հունվարին Իրանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եթովպիան և Սաուդյան Արաբիան միացան հնգյակին՝ BRICS-ը վերածելով տասի: BRICS-ը դարձել է բազմամասնագիտական ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է հիմնական «սյուների» վրա՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակույթ և հումանիտար կապեր: BRICS-ի գործընկերների միջև հարաբերությունները կառուցված են հավասարության և փոխադարձ հարգանքի, ինչպես նաև թափանցիկության, պրագմատիզմի, համերաշխության և երրորդ կողմերի դեմ չուղղորդվելու սկզբունքների հիման վրա:

Լրահոս