Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։

Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Հետագա օրերի, ամիսների և տարիների ընթացքում 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներ ու հավերժ փոխելով սերունդներ։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո ՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով»:

«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը:

Ըստ ԱՄն պետդեպի զեկույցի՝ Հայաստանում կա կոռուպցիա, անպատժելիություն, մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, ոստիկանության չարաշահում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ապօրինություններ, դատարանների կախվածություն, բռնություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ ու կալանքներ, և այլն:

Թե ինչո՞ւ են տարիների լռությունից հետո, հենց հիմա հիշել Նիկոլի հակադեմոկրատական ապօրինություններն ու բռնապետության ձգտող կառավարչությունը՝ առանձին թեմա է: Այդ մասին արժե լավ մտածել:

Սեփական աղետալի իշխանությունը պահելու մոլուցքով, Նիկոլը կարծես իր օտարերկրյա տերերի գրկում նորից փորձում է անկանոն շարժումներ անել: Հետևաբար՝ կա՛մ Նյու Նորիքի Ազատության արձանի ջահն է հարվածելու կապիտուլյանտի կառավարության դատարկ ու ստախոս գլխին, կա՛մ Կրեմլի աստղն է կրկին մտնելու նրանց համապատասխան վայրը, կա՛մ էլ թուրք-ադրբեջանական կիսալուսինն է նորից կանգնելու կապիտուլյանտի վախկոտ ու խոստումնաշատ (թուրքերին շատ խոստումներ տված) կոկորդին:

Սակայն, քանի որ այս ամենի արդյունքում տուժում է միայն հայ ժողովուրդն ու Հայաստանը, վաղուց արդեն ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»»:

Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել:

«Դատապարտում ենք ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ գործող իշխանությունների բռնաճնշումները, որոնք դրսևորվում են ակցիաների մի շարք մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի, թիրախավորված, անհամաչափ ուժի կիրառմամբ, ապօրինի ձերբակալություններով:

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ ապրիլի 23-ին ոստիկանների կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում խորհրդի անդամ գնդապետը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։

Ապօրինի ձերբակալվել են նաև Տավուշում ձևավորված հակազդեցության ակտիվ աջակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ևս 3 քաղաքացի:

Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին՝ անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։

Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։

Միաժամանակ հայտնում ենք, որ նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը»,- ասվում է հայտարարությունում:

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է եղել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ГАЗель» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենաներն ամբողջությամբ վերածվել են մոխարակույտի:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի հայտարարություններին։ Նա նշել է․

«Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»։

Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան

Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան․ հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։

Հիշեցնենք, որ երեկ Տավուշում վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների դեմ ցույցի մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։

Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Կարեն Ասրյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները և այլք:

Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը:

Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են:

Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը:

Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի:

Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է:

Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:

Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:

Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»,- ասվում է ուղերձում:

Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

​Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։
​Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

​Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում:

«Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին

Իրատեսական համարու՞մ եք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և ի՞նչ տարբերակով, հետաքրքրվեցին լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ այո, իրատեսական եմ համարում։ Ամենաճիշտ, ամենամատչելի և հասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ հասարակական շրջանակները, նույնիսկ նրանք, ովքեր 2018-ին Փաշինյանին էին աջակցում, հիմա անձամբ ՀՀ երրորդ նախագահից են լուծումներ ակնկալում, Սերժ Սարգսյանն արձագանքեց․

«Երբ տեսնեմ, որ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ»։