Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

​Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։
​Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

​Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում:

«Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին

Իրատեսական համարու՞մ եք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և ի՞նչ տարբերակով, հետաքրքրվեցին լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ այո, իրատեսական եմ համարում։ Ամենաճիշտ, ամենամատչելի և հասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ հասարակական շրջանակները, նույնիսկ նրանք, ովքեր 2018-ին Փաշինյանին էին աջակցում, հիմա անձամբ ՀՀ երրորդ նախագահից են լուծումներ ակնկալում, Սերժ Սարգսյանն արձագանքեց․

«Երբ տեսնեմ, որ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ»։

Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ

«Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել»,- ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններին՝ հնչող գործող իշխանության շրջանակներից։

ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ վաղը՝ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, նրա խոսքով, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, հայտնում է ԱՆ-ն:
Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ:

Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև` մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար:
Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների վերլուծության տվյալները:

Նախարարը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել համաճարակաբանական հսկողությունը բժշկական հաստատություններում, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը, մասնավորապես՝ կարևորելով կարմրուկի և վերջինիս բարդությունների կանխարգելման գործընթացում կարմրուկի դեմ պատվաստումների առանցքային դերը:

Հիշեցնենք, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակներում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում` կարմրուկի դեմ պատվաստումների իրականացում` շարժական/արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:

Առաջիկա օրերին խմբերը կլինեն ՀՀ մարզերի տարբեր համայնքներում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են, այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից։

«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան

Այս պահին զանգվածային տարածվող երկու բան կա, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կեղծ հաղորդագրություններին։

Նա մանրամասնել է․«Երկուսն էլ նոր չեն, մեղմ ասած։ Զուտ մի փոքր տեքստն է փոխվել։ Քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ ու ծանուցումներ «Հայփոստ»-ից, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ»:

Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով

Սա որևէ իրավական գործընթաց չէ, միակողմանի զիջում է. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչ տեղի է ունենում՝ օրինաչափություն է, քանի հողատու իշխանությունից այլ բան սպասելը միամտություն է։ Ամեն ինչ անում են՝ Արցախից հետո էլ հայոց ազգային պետականությունը կործանվի»,-ասաց նա։

Անդրադառնալով ռուսական զորքը Տավուշից հանելու հայտարարություններին՝ Շարմազանովն արձագանեց. «Իշխանությունը տրոյական ձի է, երազում է թուրքական բանակ լինել»։

Ըստ նրա՝ այս ամենը կանխելու միակ տարբերակը ընդվզումն է։

«Բայց այս փուլում ակնհայտ է, որ ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, ես էլ մեջը, իշխանությունն էլ թրքամետ է»,-ասաց նա։

Շարմազանովը նաև նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս նպաստավոր չէ։ «Ակնհայտ է՝ սա արևմտյան պլան է, դրանց սա քիչ է՝ Ալիևը Պուտինի հետ էլ ախպերացել է»,-ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում, տարբեր հատվածներում հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների, լրագրողների հետ

2018 թվականին նմանատիպ կեղծ տեղեկատվություն տարածողների գործունեության արդյունքում մարդկանց ճնշող մեծամասնությունը խաբեության և մանիպուլյացիաների արդյունքում, մեկ այլ հատվածն էլ սեփական շահից դրդված մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը։ Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին Հայկական երկու հանրապետությունները, իսկ նմանօրինակ կեղծ թեզեր տարածողները մնացել են, ունեն մեծ լսարան և դեռ շարունակում են նույն գործելաոճը։
Լիահույս եմ, որ միասնականությունը վերականգնվելու է, որ սեփական ամբիցիաները զիջելու ենք հանուն ընդհանուր մեկ ամբիցիայի, այն է ՀՀ անվտանգությունը և իրական ինքնիշխանության պահպանումը։
Պետք է մերժել եսը, որ հաղթի մենքը։
Ի հեճուկս կեղծ թեզեր գեներացնող այլահպատակների, մենք միևնույնն է պաշտպանելու ենք մեր երկիրը և վերականգնելու ենք արդարությունը, վերականգնելու ենք մեր երբեմնի հզորությունը, մեր երկիրը տարածաշրջանում կրկին լինելու է գործոն, ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, այլ ոչ թե գործիք ինչպես հիմա է։
Հ.Գ Ի գիտություն կեղծ լուրեր տարածողներին, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում, տարբեր հատվածներում հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների, լրագրողների հետ։
Հ.Գ.Գ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան

Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։

Այդ մասին հայտնում են ոստիկանությունից։

«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր», — նշված է հաղորդագրության մեջ։

Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան

Մենք չենք համակերպվում ստի, կեղծիքի, չարիքի  հետ. սա հայրենիքի ինչ-որ մի հողակտորի հարց չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է հիմա Տավուշում, ստի ու կեղծիքի արտահայտում է.«Ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել, կա՞ այդպիսի մարդ։ Ես չեմ հավատում, որ նման մարդ կա։ Քանի օր է՝ այս գյուղացիներն այստեղ են, ո՞վ է այս մարդկանց փողոց նետել, ասել, որ ձեր ճակատագիրն այսպես է լինելու։ Այս մարդիկ դուրս են եկել ճշմարության ու արդարության համար։ Այս մարդիկ հոգևոր խնամքի կարիք ունեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե տեղյա՞կ է՝ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մհեր Գրիգորյանի հետ՝ Սրբազանը նշեց, որ մանրամասներից տեղյակ չէ.«Կիրանցի գյուղապետին եմ գիշերը հանդիպել, նա շատ այլայլված էր։ Արդեն հասկանալի էր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ասաց՝ այն, ինչ կար, մնաց նույնը և մի բան էլ ավելին»։

Սրբազանը հավելեց, որ երեք տարի է՝ գյուղացիներին այդ մասին զգուշացնում էին, բայց քանի որ նրանք շատ մաքուր ու արդար մարդիկ են, մտածում էին, որ դիմացինն էլ է այդպիսին։