Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Տավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով եմ ցույց տալիս այն, ինչ սպասվում է Տավուշում:

Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ»:

Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ:

Զարմանալու բան չկա, որովհետև նման հայտարարության հեղինակները, դատավճիռ ստանալու փոխարեն` շարունակում են պատերազմող ժողովրդի գրպանից առնվազն պարգևավճարներ թռցնել:

Հետո էլ ասում ենք՝ ինչու՞ եղավ Հայոց ցեղասպանությունը, ինչու՞ կորցրեցինք անկախ պետականությունը, ինչու՞ էին մեր տարածքները մասնատվում և բաժանվում հարևան տերությունների միջև, ինչու՞ են միշտ օտարները որոշել մեր ճակատագիրը, ինչու՞ ենք սփռվել ամբողջ աշխարհով և այլ նմանատիպ տխուր «ինչու»-ներ:

Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը պատիվ, հեղինակություն, քաղաքական կամք, ազգային շահ, անվտանգություն, զարգացում և խաղաղություն ունեցել է միայն 1994-2018 թվականներին:

Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու և նրանց ստեղծած հանրապետությունը վերադարձնելու ժամանակը` անցյալի սխալների և թերությունների շտկումներով:

Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին: Սակայն նույնիսկ ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ աշխարհն ունի: Ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ` վերջինը:

Հույսի, հավատի, սիրո և միասնության ժամանակներ են գալիս: Ռևանշն անխուսափելի է»:

Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս

Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21 ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոսներ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Արդեն տեղում «Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը ոստիկաններին, ապա ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչների հայտնել է, որ գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են

«Նրանք պայքարում են նիկոլիզմի դեմ։

Նրանք կալանավորվել են Հայաստանի ադրբեջանացումը կանխելու համար։

Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները։

Նրանք քաղբանտարկյալներ են։

Նրանք գիտակցաբար ընտրեցին պայքարը, այլ ոչ թե թրքահպատակությունը։

Նրանց անունը պայքար է, իսկ նպատակը ՝ հաղթանակ։

Նրանց գործն արդար է, մեր գործը արդար է։

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին»։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով

Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են

Մարտի 27-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ․) և «Opel» (վարորդ՝ Շ. Ֆ., ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Ս, ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները (Օ. Մ., ծնված 1990 թ., Գ. Ս., ծնված 2011 թ., Լ. Ս., ծնված 2016 թ., և Լ. Ս., ծնված 2020 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ջ. Ա., ծնված 2014 թ., և Մ. Ա., ծնված 2006 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել Շ. Ֆ.-ին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Ն. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր հնչեցրած հայտարարություններին։

«Իսկ Նիկոլը 2023-ին պաշտպանե՞ց արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից, որ մի հատ էլ օտարների բոստանն եք քար նետում։ Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանպահները մեզ պաշտպանեն։

Մի կողմ թողնենք, թե ռուսներն ինչ կանեն։ Մի հարց նիկոլիստներին․ իսկ ի՞նչ արեցիք դուք ու ձեր Նիկոլը, երբ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա։

Պաշտպանեցի՞ք Արցախն ու արցախահայերին։ Իհարկե՝ոչ։ Փուռը տվեցիք։

Ավելին, ձեր Նիկոլն ուղիղ եթեր մտավ ու ասեց, որ չի ներքաշվելու պատերազմի մեջ։

Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար։

Գոնե լռեք էլի, նամուս ունեցեք»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-փետրվար ամսիներին։

Այսպես՝

2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով: Սա վտանգավոր է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք անկանխատեսելի են, միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված` հնարավոր է գործունեության ամբողջությամբ դադարեցում:

Արդյունաբերության բարձր աճին զուգահեռ, մշակող արդյունաբերության որոշ` ՀՀ տնտեսության համար էական ենթաճյուղեր շարունակում են անկում ապրել: Մասնավորապես, սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրության ենթաոլորտներում 2024թ. հունվարին անկում է գրանցվել: Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն և երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը:

Արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով: Իհարկե, արտահանման ծավալի աճն առնվազն դրական է այն առումով, որ դեպի ներքին տնտեսություն արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, սակայն հաշվի առնելով, որ այս դեպքում գործ ունենք միաժամանակ գրեթե նույն չափով ներմուծման հետ, ապա այդ դրական էֆեկտը զգալիորեն չեզոքանում է: Առավել խնդրահարույց է այն, որ բարձր աճերի ֆոնին ստվերվում է արտահանման գծով առկա խնդիրները, մասնավորապես` մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների անկումները: Հունվարին էականորեն նվազել են, մասնավորապես, «պատրաստի սննդի արտադրանք» և «կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք» ապրանքախմբերի արտահանման ծավալները, խնդրահարույց է նաև հանքահումքային ապրանքների արտահանման էական անկումը:

Տնտեսական աճի արագացման պայմաններում հարկային եկամուտներն աճում են բավական դանդաղ տեմպով: 2024թ. հունվար-փետրվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 3.7%: Բնականաբար սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով ծախսերի ավելի քան 30% աճը, ինչպես նաև կառավարության քաղաքականության թիրախները հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացման ուղղությամբ: Այս առումով, կառավարությունը պետք է ակտիվ ջանքեր ձեռնարկի վերը նկարագրված ոսկերչական գործունեությունը հարկելու համար, ինչը մի կողմից կկարգավորի գործունեության այդ տեսակի աճի տեմպը, մյուս կողմից կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և Նիվան. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։