70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի 70–ամյա բնակչուհու նկատմամբ առերևույթ ավազակային հարձակման դեպքի հանգամանքները։ 2024 թվականի մայիսի 2-ին 70–ամյա կինը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 20։40-ի սահմաններում, տուն վերադառնալիս՝ հասնելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, գումար, բանկային քարտեր, իր վարորդական իրավունքի վկայականը և այլ իրեր։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում դեպքի վայրում՝ հիշյալ շենքի մուտքի 3-րդ հարկի հարթակում, հայտնաբերվել է «Pistole Modell 27, Kal 7.65» գրառմամբ առանց փամփշտատուփի ատրճանակ, որը վերցվել է, վերցվել են նաև շենքի դիմացի հատվածը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի 25–ամյա բնակիչ է։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկում՝ 70–ամյա կնոջ բնակարանի դռան մոտ, 25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը, որից հետո ատրճանակը գցելով՝ դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ, ինչն իրականացվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս