ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և չի սատարելու քաղաքական որևէ ուժի

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ «Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ. 1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։ 2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։ ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության», - գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Լրահոս