31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող շենքի բնակարանում 31-ամյա տղամարդը վիճաբանել է իր նախկին կնոջ հետ եւ իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ, կնոջն առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անտեսելով եւ անտարբերություն դրսեւորելով դստեր եւ կնոջ տանջալից ապրումների նկատմամբ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, խեղդելու նպատակով, 31-ամյա տղամարդը սեղմել է նախկին կնոջ պարանոցը, որի արդյունքում 35-ամյա կինը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս