22-ամյա դանակահարված երիտասարդը հրաժարվում էր հաղորդում տալ, բայց ոստիկանները 2 շաբաթ անց գտան դանակահարողին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.54-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի. ախտորոշումը` «կրծքավանդակի կտրած-ծակած վերք»: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով երիտասարդին խփել էր անհայտ անձը: Երիտասարդը հրաժարվեց հաղորդում տալ, և անհայտ անձի ինքնությունն արագ պարզել չհաջողվեց: Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կենտրոնականի քրեական հետախույզների տևական աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ դեկտեմբերի 24-ին: Պարզվեց, որ երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա Բաբաջանյան փողոցում հայտնաբերվեց, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս