Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ

Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են, «Ապառաժ»-ին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Սա ցավ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպությունները ինչքան էլ ծեծեն միջազգային կառույցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։

Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցավալի երևույթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք հղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրավիրել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնյակ անգամներ Էջմիածինը և Էջմիածնում գործող գրասենյակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցավ ենք ապրում, որ նույն փութաջանությամբ ՀՀ-ի իշխանություններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթե նվիրական ձևով իշխանություններն ուզեն, անշուշտ այդ դռները կբացվեն, դատական հայց կներկայացվի։ Այսօր ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանված Արցախի հարցի իրավական ձևաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն հայտարարել։

Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկա, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կհասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաև մեր մարմինը, այս առումով ցավալի է, որ բոլորը ոչ միայն չեն խոսում, այլ համակերպվում են այն իրականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենյակային ցավ ապրելու, խոսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացվում իշխանությունների կողմից»,- շեշտել է Արցախի թեմի առաջնորդը։

Հարցին՝ Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանել է․

«Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․

Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։

Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դեպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթե դա չենք գիտակցում, ով ուզում է գա, ինչ ուզում է տեղի ունենա, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաև մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթե ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտություն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պետք է մեր ինքնությունը տանենք դեպի մեր ակունքները, մեր գենետիկ հիշողությունը կապված է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնությունը համեմել Աստծո խոսքով և մեր նահապետների տված լույսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանավորված է այս հանգամանքներով․ կզղջանք, կգիտակցենք, Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ, եթե մենք հավատում ենք դրան»։

Հարցազրույցն ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ

Գավառում գողացել են 3000 մետր բարձր լարման հաղորդալար՝ պատճառելով 3 400 000 դրամի նյութական վնաս

Օգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց նույնաբովանդակ հաղորդում. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նույն վայրից գողացել էին շուրջ 2000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ընկերությանը պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 3-ին: Պարզվեց, որ գողությունը կատարել են Սյունիքի մարզի՝ հինգ և Երևանի մեկ բնակիչ:

Գավառի բաժնի ոստիկանները, համագործակցելով մարզի պարեկների հետ, սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ հանդամասում հայտնաբերել, ձերբակալել և, «ԳԱԶ 53-12» ու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներով հանդերձ, Գավառի բաժին են տեղափոխել գողության չորս մասնակցի, իսկ երկուսը դիմել են փախուստի:

Գողության մասնակիցներից «ԳԱԶ 53-12»-ի վարորդը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին կտրելու եղանակով գողացել են այլումինե մալուխներ և տեղափոխել Այնթապ բնակավայրի գունավոր մետաղների ընդունման կետ:

Ձերբակալված չորս անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus». վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09:30-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա լողանալու նպատակով մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Որսորդական հրացանով փողոցում կրակոցներ էր արձակել օդ

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու:

Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:

Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանի առանձին հատվածներում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Բերդի նախկին ղեկավարը, կինը, որդին հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործով վարչություն․ Հետք

«Հետք»- գրում է․ «Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանին ու ընտանիքի անդամներին 2024թ․ սեպտեմբերի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հ․ Մանուչարյանին պատկանող գույքն ուսումնասիրվել է, կազմվել է ամփոփագիր:

Բերդ համայնքի նախկին ղեկավարին, կնոջը՝ Նաիրա Մանուչարյանին, որդուն՝ Անուշավան Մանուչարյանին դատախազություն են հրավիրել՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձինք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։ Հետևաբար, ձեռնպահ են մնում ցանկը նախապես հրապարակելուց»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մինչ օրս ՀՀ-ում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք. Անահիտ Ավանեսյան

Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ բոլոր մարզերով իրականացնում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ և նշեց, որ պետք է կիրառել մոծակների դեմ բոլոր հասու պայքարները։

«Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը»,-ասաց նա։

Նախարարը հաստատեց, որ գրանցված թվերն իհարկե մտահոգիչ են, բայց ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ, հիմնականում տարեց անձանց։ Նա նաև նշեց, որ վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով։

Շատ գործատուներ ուղղակիորեն խուսափում են ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելուց

Հարցազրույց էի դիտում, որտեղ ընդդիմադիր շարժման նախկին ակտիվ ջատագովներից մեկը արդեն ընդդիմության ընդդիմության դիրքերից նշում էր, որ իրեն զրկել են լսարան մտնելու և դասախոսելու իր աշխատանքից, քանի որ ինքը մասնակցում էր շարժմանը:
Իսկ ինչ ասեն այն ուսանողները ում տարիներ շարունակ բարձր գնահատական, (որոշները նույնիսկ դրական գնահատական) չեն դրել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունենալու համար:
Բազում ուսանողներ ունեցան, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ, դասախոսի հետ նույն պրոիշխանական հայացքները չունենալու պատճառով:
«Քաղաքականացած» պրոֆեսորադասախոսական կազմի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով հարյուրավոր ուսանողներ սկսեցին ատել իրենց մասնագիտությունները, շատերը թողեցին իրենց վաղեմի՝ դասախոս, գիտնական դառնալու իրենց երազանքը:
Այն ուսանողներն, ովքեր երազում էին իրենց ունեցած մասնաագիտական բարձր գիտելիքները ներդնել պետական կառավարման վերին օղակներում ի շահ իրենց երկրի զարգմացման՝ մնացին ուղղակի երազանքներ, իսկ կադրերը վերածվեցին բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող ցործազուրկների:
Ուսանողական կյանքից զատ բազում անհատներ, ովքեր 18-ից հետո ունեցան ընդդիմադիր հայացքներ զրկվեցին իրենց աշխատանքից: Ցավոք, քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդուն աշխատանքից հեռացրել են լայքի կամ ընդդիմադիր քաղաքական գործչի հետ նկար հրապարակելու համար, իսկ շատ գործատուներ ուղղակիորեն խուսափում են ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելուց:
Ցավալի է, երբ երիտասարդների կարիերային ամբիցիաները մնում են չիրացված, իսկ մասնագիտական առաջխաղացումը շարունակաբար բացակայում է:
Բայց այս ամենին զուգահեռ այդ մարդիկ շարունակում են պայքարել: Քանզի այն մասնագիտական չիրացվածության կորուստները, որ ունեցել ենք ուղղակիորեն անհամեմատելի է այն աղետի հետ, որի հետ առերեսվել ենք և շարունակում ենք առերեսվել:
Ու այս ամենից հետո բողոքել, որ զրկել են դասաժամերից, դրանով ենթագիտակցաբար արդարացնելով ըմդդիմության ընդդիմություն լինելը կներեք, բայց չեմ հասկանում: