Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում․ «Հետք»

«Հետք»-ը գրել է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։

Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։

Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։

«Առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է քարեշարվածքով տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, որի կապակցությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացի Աշոտ Շահբազյանի նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ շինության սեփականատիրոջ՝ Սուքիասյանների փոխարեն արձանագրությունը կազմվել է ոմն Աշոտ Շահբազյանի անունով, քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին, որ հնարավոր է առանց սեփականատիրոջ գիտության մասնավոր տարածքում ինքնակամ շինարարություն արվի։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ մեր հարցին, թե ինչու է ապօրինի շինարարություն իրականացվում, պատասխանեց. «Ի՞նչ շինարարություն, վերանորոգում է իրականացվում»։ Դիտարկմանը, թե մեր աչքով ենք տեսել՝ ինչպես են երկրորդ հարկ կառուցում, քաղաքապետարանն էլ վարչարարություն է իրականացրել, Մկրտչյանն ասաց՝ «առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։

Խնդրեցինք Աննա Մկրտչյանին ճշտել՝ շինարարություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ և զանգահարել մեզ։ Մկրտչյանը ճշտելուց հետո հայտնեց, որ տանիքն է վերանորոգվում. ջուր էր կաթում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորը և իր հետ փոխկապակված անձինք ապօրինի շինարարություն են անում Երևանի կենտրոնում։ 2022թ.-ին գրել էինք, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին գտնվող «Քուին բուրգեր» սննդի կետն ապօրինի ընդլայնվել է։ Երևանի քաղաքապետարանից այդ ժամանակ հայտնել էին, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ապօրինի՝ առանց թույլտվությունների, իրականացրել է շինության վերակառուցման, մասնավորապես՝ քարե պատերի և ծածկի կառուցում։

Քաղաքապետարանն այսպես էլ չկարողացավ կամ չցանկացավ խիստ գործողություններով կանխել ապօրինի շինարարությունը, որից հետո վերակառուցված սննդի կետի երկրորդ հարկում նոր ռեստորան բացվեց»։

Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»:

Պայմանագրային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորված կա

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․

«2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդներ, մյուս կողմից՝ ինքնությունները դեռևս չբացահայտված մի խումբ անձինք, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Այգեձոր բնակավայրի վերոնշյալ 19-ամյա բնակիչը։

Հաշվի առնելով, որ միջադեպի մասնակից անձանցից մի քանիսը, այդ թվում՝ 19-այմա երիտասարդը, պայմանագրային զինծառայողներ են, օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է 19-ամյա երիտասարդին ծակած-կտրած մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ապարան համայնքից է:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, նշված միջադեպի ընթացքում խմբի կազմում, ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել այլ անձանց մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, տաբատի գրպանից հանած դանակով, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակչին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։

Օգոստոսի 30-ին մեղադրյալը ձերբակալվել է և ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։

Նախաքննությունը շարունակվում է»։

Այգավանում 32-ամյա տղամարդու սպանության շարժառիթը վրեժն էր. նոր մանրամասներ

ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ գետնին ու ավտոտնակի դարպասներին հայտնաբերվել են արնանման հետքեր, գետնին՝ սև գույնի գլխարկ և այլ իրեր, ինչպես նաև՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա՝ ծառի տակ՝ խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Անմիջապես սկսվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ, ինչի նպատակով նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, վրեժի շարժառիթով Մ.Հարությունյանին սպանելու դիտավորությամբ, 2024թ. օգոստոսի 29-ի երեկոյան ժամերից գտնվել է վերջինիս բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել նրան:

Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր: 29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով, առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։

Արդյունքում՝ Մ.Հարությունյանի առողջությանը պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, պարանոցի կտրած վերքի, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Սուրեն Պետրոսյանը նույն ՔՊ-ական գործելաոճով նախկինացավով է տառապում ու մեղադրում բոլորին. Դանիելյան

Այս ամբողջ ընթացքում միակ բանը, որ եղել է, դա այն է, որ այդ մարդը նույն ՔՊ-ական գործելաոճով պայքարել է, նախկինացավով է տառապում և մեղադրում է բոլորին, դա պարզ իրողություն չէ՞. Ի պատասխան «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներն իր մասին սուտ է։

Դիտարկմանը, թե ով նախկինների սխալից խոսում է՝ նիկոլակա՞ն է, ասաց որ ոչ թե սխալների մասին խոսելն է, այլ այդ մարդկանց քաղաքականությունից բացառելն է։

«Ի՞նչ է նշանակում նախկին, այս երկրում բոլորն իրավունք ունեն զբաղվեն քաղաքականությամբ և դու ո՞վ ես դառել, որ կանգնես ասել ով պետք է զբաղվի»,-ասաց նա։

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ:

Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։

Հարևանուհու տնից գողացել էր 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր և փող

Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 200 դոլար և 110 000 դրամ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 30-ին բաժին է ներկայացել նույն շենքի բնակիչ 22-ամյա երիտասարդը և խոստովանել, որ ինքն է օգոստոսի 28-ին բանալիով բացել հարևանուհու բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդերն ու գումարը:

22-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵՊՀ ղեկավարությունն Աբրահամ Գասպարյանին հեռացրել է համալսարանից

ԵՊՀ ղեկավարությունն Աբրահամ Գասպարյանին հեռացրել է համալսարանից, այս մասին հայտարարել է Գասպարյանը։

«Կյանքիս լավագույն 25 տարին անցկացրել եմ համալսարանի պատերի տակ, միջանցքներում, գրադարանում, լսարաններում, զբաղվել իմ մասնագիտությամբ՝ քաղաքագիտությամբ և միջազգային հարաբերություններով, սովորել, կրթվել ու կրթել եմ, աշխատել՝ պայծառ, խելացի ու հայրենասեր սերունդների հետ, գիտելիք, փորձ ու հմտություններ տվել, իրենցից սովորել, շատերի հետ ընկերացել, հարգանք վաստակել, առինքնող հպարտությամբ ուրախացել նրանց միջազգային հաջողություններով, հետևողական եղել՝ մարդ, հայ ու մասնագետ դառնալու գործում:

ԵՊՀ ղեկավարությունն այս տարի ընդհատեց Մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իմ 15-ամյա գիտամանկավարժական/դասախոսական առաքելությունը:

Դա, իրապես առաքելություն էր, և, վստահաբար, առաջիկայում շարունակելու է մնալ այդպիսին:

Հեռացման հիմնավորումների քողի տակ ներկայացված պատրվակներն անհիմն են, տգետ, անարժանապատիվ, եթե չասեմ՝ լերկ՝ վարչապետի աթոռն զբաղեցնողի ու նրա ղեկավարած ոհմակի հոգեմտավոր տիրույթի նման: Պատճառը հստակ է՝ քաղաքական. բոլոր նրանք, այդ թվում՝ իմ տարիների գործընկերները, որոնք ընկան այս անհեռատես ու հիմար որոշման թրի տակ, տարիների փորձ ու գիտելիք ունեցող, հայրենիքի գաղափարը չէժանացնող ու չվաճառող արհեստավարժ դասախոսներ են (մոտ՝ մեկ տասնյակ), որոնք համարձակությունն են ունեցել պայքարելու՝ ազատ ու արդար պետություն ունենալու: ԵՊՀ ղեկավարության փորացավն այդ պրոֆեսիոնալների և ուսանողների ուղիղ՝ լսարանային կապն ընդհատելն է, ոչ ավելին:

Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում:
Շնորհակալություն իմ ամբիոնի ընկերներին ու գործընկերներին՝ երկարատև համատեղ ճանապարհի համար, մենք դեռ հանդիպելու ենք ու շարունակելու ենք սերունդներ կրթելու և ազգային դաստիարակությամբ նրանց սնուցելու մեր առաքելությունը, իսկ ամոթ նրանց, ովքեր գերադասեցին լռել ու մնալ անտարբեր՝ այս որոշմանն ականատես լինելիս:

Դե իսկ իմ շատ սիրելի ուսանողներին՝ շնորհավորանքի փոխարեն՝ համառ աշխատանք, կրթվելու ամուր ջանք, գիտելիքը հանուն հայի ու Հայաստանի ծառայեցնելու անկոտրում կամք:

Հայրենիքն ամեն ինչից վեր:

Պի՛նդ եղեք»,- Facebook-ում գրել է Գասպարյանը։

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Նոր Նորքի Հ.Ավետիսյան փողոցում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հ.Ավետիսյան փողոցի թվով 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից առանձնատների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Սուրեն Պետրոսյանն ո՞վ է. եթե ասելիք ունի՝ կգա ու կասի, վերջին անգամ զգուշացնում եմ. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զգուշացնում է» Սուրեն Պետրոսյանին՝ եթե ասելիք ունի՝ թող ասի։

«Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի՝ կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասաց Սրբազանը։

Դիտարկմանը, թե «նա ձեր մասին դրական է արտահայտվում»՝ Սրբազանն ասաց, թե ինքն էլ է դրական արտահայտվում։