ՏԿԵՆ-ից հավաստիացնում են՝ ատոմակայանն այսօր կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հավաստիացնում են՝ ատոմակայանը այսօր կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։
«14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,- նշված է ՏԿԵՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ աավելի վաղ ՏԿԵՆ-ից հայտնել էին․ «Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից»։ Որպես պատճառ նշել էին կայծակի հարվածը։
Այսօր փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը․ Վեհափառ Հայրապետ
Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը
Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը
«Գիտությունն ու մարդկային հնարավորությունները մեր օրերում արագ են զարգանում, և առավել քան երբևէ, այսօր կարևորվում են ուսումն ու կրթությունը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխավորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արդարև, գիտելիքը արարելու ուժ ու զորություն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատված է հոգևոր արժեքների ու բարոյական հիմքերի վրա»,-ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով կրթության մշակների առաքելությունը ազգի զավակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառություն փոխանցելու, այլև նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը և գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ և օրինահարգ քաղաքացիներ։
Իր խոսքում Վեհափառ Հայարապետն ընդգծեց, որ համաշխարհայնացման և արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում և հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների և գոյաբանական խնդիրների առջև․ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։
Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Հայոց Հայրապետը փաստեց, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։
«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։
Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան և, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին և ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշեց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրությամբ ու հավատով նվիրվել իրականություն դարձնելու կենսունակ ու արդար հասարակություն և ինքնիշխան ու հզոր պետություն կերտելու ազգային մեր երազանքը։
Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցեց Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։
Հավարտ օրհնության կարգի ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն
Փլուզում Ծովագյուղում․ տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
Օգոստոսի 31-ին, ժամը 09։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն (ծնված 1954 թ.) և Ռ. Ջ.-ն (ծնված 1955 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:24-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1975թ.) և «Reno» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1984թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ն (ծնված 1997թ.), «Reno» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Դ. Ա.-ն (ծնված 1989թ.) և Ք. Ա.-ն (ծնված 1987թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկականկենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Reno» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերե լուղևոր Հ. Գ.-ին (ծնված 1935թ.) և մոտեցրել շտապօգնությանը. Տուժածը հոսպիտացավել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց
Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց։ Այդ մասին հայտնում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը։
«Սիրելինե՛ր, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտմեբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտների նոր ուսումնական տարին։ Սրբազան Հայրը դեպի Կիրանց կմեկնի վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտից։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ Բագրատ Սրբազանին, խնդրում ենք սեփական մեքենաներով առավոտյան 06։30-ին լինել նշված վայրում», — նշված է հայտարարությունում։
Այս տարի առաջին դասարանցիների թիվը 34․780 է
2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից և ներկայացնում հետևյալ տվյալները։
2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409․996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34․780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը:
54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության արդյունքների նախնական ամփոփումն արդեն կատարված է, ըստ որի Արհեստագործական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 3862 դիմորդ:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 11196 դիմորդ:
Գերակա 15 մասնագիտություններով ընդունվել է 717 դիմորդ:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով 2024 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 14.242 դիմորդ, ինչը 928-ով ավելի է 2023 թվականին (13.314) ցուցանիշից։ Նրանցից բուհեր է ընդունվել է 10.720-ը (75.3 %). նախորդ տարի ընդունվել էր 10.201-ը (76.6 %)։
Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 2012 դիմորդ (1924-ը՝ հատկացված տեղերով, 88-ը՝ պահուստային), վճարովի հիմունքներով՝ 8708-ը (8668-ը՝ հատկացված տեղերով, 40-ը՝ պահուստային): Թափուր է մնացել 6174 տեղ։
Որ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 03-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը նաև տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ կրկին շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը՝ ժամը 21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր․ ՆԳՆ-ն՝ անձրևաջրերից հեղեղումների հետևանքների մասին
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։
Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։
Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։
Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։
Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։
Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Զոհեր և տուժածներ չկան։
Նոր մանրամասներ՝ Տիգրան Համասյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակումից
«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին։
Դրանում ասված է․
««Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:
Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում:
Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը: Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը:
19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին:
10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը: Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:
Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից: Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին: Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ.
Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով:
Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք սեփական պատասխանատվությամբ:
Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից:
Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ:
Բարեխիղճ և պատասխանատու լրատվամիջոցներին խնդրվում է օգտվել այս հաղորդագրությունից, առանձին հարցազրույցներ չեն լինելու: Ըստ քննության ընթացքի և անհրաժեշտության՝ կլինեն նոր հաղորդագրություններ»։
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Ուշադրություն․ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։