Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։

Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
– հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա են եղել վնասված տարածքներ,
– հանրային սննդի օբյեկտի առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Խոշոր ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Գեորգի Ղազարյանի վարած «Ford Mustang» մակնիշի, 43-ամյա Ռոման Մարգարյանի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Սամվել Վաղարշակյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Հերացի փողոցում խողովակի վնասման պատճառով ջուրը ժայթքում է, ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ է ստեղծվել

Արդեն 1 ժամ է՝ Երևան քաղաքի Հերացի փողոցում սեղծվել էր «Լվա ինքդ» «ավտոլվացման կետ», գրում է Shamshyan.com-ը՝ մանրամասնելով․

«Ավելի քան 1 ժամ է՝ ոռոգման կամ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ:

Որոշ վարորդներ երթևեկում են հանդիպակաց գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար:

Բնակիչները հայտնում են, որ արդեն մի քանի անգամ ահազանգել են ջրմուղ, որտեղից պատասխանել են, թե ձեր զանգը գրանցել են, իսկ թե երբ կմոտենան, դրա պատասխանը բնակիչները չեն ստացել»:

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կշարունակի ունենալ դանդաղման միտում: Հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2%` հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ: Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.6%` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով 0.8 տոկոսային կետով:

Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց վերը նշված ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանումն անկում է ապրել 11.9%-ով: Սա վկայում է այն մասին, որ վերջին տարիների շոկերի արդյունքում գրանցված բարձր աճերը քողարկել են տնտեսությունում առկա խորքային խնդիրների զարգացումը, մասնավորապես՝ արտահանելի հատվածում ներուժի կորուստը:

Պետական բյուջեի ցուցանիշները ևս վատթարանում են: Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային, ընդ որում պակասուրդի չափը կազմել է 58.0 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Սակայն խնդիրը ոչ այնքան պակասուրդի ձևավորումն է (քանի որ պետական բյուջեի պլանով նախատեսված է ունենալ պակասուրդ), այլ այն, որ բյուջեի ծախսերի աճը էականորեն գերազանցում է հարկային եկամուտների աճին: Նման աճերի շարունակությունը կհանգեցնի տարեվերջին պլանավորվածից էապես ավելի մեծ պակասուրդի ձևավորմանը:

Վարկերի աճի տեմպը և կառուցվածքը նույնպես արժանի են ուշադրության: 2024թ. բանկերը հիմնականում իրենց ակտիվներն ուղղում են սպառողական և հիպոթեքային վարկավորմանը, ինչը բնականաբար մտահոգիչ է ներկա տնտեսական զարգացումների պայմաններում, քանի որ այդ վարկերի ծավալներն աճում են շատ ավելի արագ, քան տնտեսական աճը, աշխատավարձերի աճը, դրամական փոխանցումների աճը և այլն: Ավելին, արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազում են, ինչը խոսում է տնտեսական ներուժի վերականգնման համար քայլերի բացակայության մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճը կարող է միջնաժամկետում էական խնդիրներ առաջացնել:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Փաշինյանը 2018-ին զավթել է գործադիր և օրենսդիր իշխանությունները. Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին զավթել է գործադիր մարմինը, 2018 թվականին՝ օրենսդիրը, և որպեսզի պատերազմից հետո ունենար պայմանագիր և վավերացներ, իրեն մնում էր ՍԴ-ն զավթել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«2020 թվականի սեպտեմբերին ավարտվել է ՍԴ-ում իշխանության զավթման գործընթացը և 27-ին սկսվել է պատերազմ: Հրայր Թովմասյանի դեմ արշավը սկսվել է 2019 թվականից, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր: Հիշում եք չէ՞, երբ նա դեռ չէր ընտրվել, հայտարարեց, որ ինքը ՍԴ նախագահ է: Մինչև հիմա այդ մարդը դեռ ստացիոնար զննում չի անցել: Դրանից հետո սկսվեց այդ ամբողջ պրոցեսը: Հրայր Թովմասյանին ասացին, որ հրաժարական տա, նա չտվեց», -ասաց   նա:

ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով. ՀԾԿՀ

ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

«ՀԾԿՀ-ն քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։

Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով»։

Մեկ օրում hայտնաբերվել է 4 հետախուզվող. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 4, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, դեղերի, դեղանյութերի օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, վարժական հավաքներից խուսափելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ինքնավնասման, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում օգոստոսի 29-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝

Արթիկ քաղաքի,

Նոր Կյանք,

Վարդաքար,

Հովտաշեն գյուղերի,

Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված եղբոր ինքնությունը

Պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Telegram-ի հիմնադրին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ։

«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի», — գրել է Կլիմենկոն։

Բացի այդ, նա Telegram-ի հիմնադրին հրավիրել է BRICS-ի Դուբայի ներդրումային համաժողովին ՝ որպես խոսնակ: Ընդ որում, նա կարող է համաժողովին մասնակցել հեռակա կարգով, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից