Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

Պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել

Օրերս պարեկների կողմից ծեծի ենթարկված Արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:

«72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո։
Լրացում։

Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։

Լրացում 2։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրականացրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,- հայտնել է նա։

Հիշեցնենք՝ օրերս պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։

ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։

Ընտրություն պետք է անել՝ կամ պատիվ, հայրենիք ունենք, կամ՝ չունենք. Սրբազանը՝ Շիրակի մարզում

Մեր պայքարի և գոյության իմաստը՝ եթե ոմանց համար իրենց գլուխն ու ստամոքան է, մեզ համար՝ մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է. Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է գնա ու ժողովրդին ասա՝ ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,-ասաց նա։

Նա նշեց, որ ընտրություն պետք է անել՝ կամ հայրենիք, պատիվ ունենք՝ կամ չունենք։

Մասկը Մեծ Բրիտանիայում քաղաքացիական պատերազմ է կանխատեսել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, Մեծ Բրիտանիայում զանգվածային անկարգությունների ֆոնին, սոցիալական ցանցում կանխատեսել է երկրում քաղաքացիական պատերազմ։

«Քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով բրիտանական քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութերից մեկը։

Հիշեցնենք, որ ծայրահեղ աջերի բողոքի ցույցերը Բրիտանիայում սկսել են թափ հավաքել՝ դանակահարության հետևանքով երեք երեխաների մահվանից հետո:

The Times-ը հայտնել է, որ հանգստյան օրերին սպասվում է առնվազն 35 բողոքի ակցիա:

Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Ford Fusion»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանարհի 1-ին կմ հատվածում՝ Արևաշող գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Fusion» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակի հրշեջ-փրկարարները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Խոշոր հրդեհ է բռնկվել Վեդիում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան փողոցում հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդու թիվ 26 և Արարատի թիվ 24 Հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի պահեստային տարածքում․ պահանջվել է օգնություն։ Դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 23 ՀՓՋ-ից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին գյուղացիներն ու շինանյութի աշխատակիցները։

Հրշեջներին օգնում են նաև պարեկները, իսկ դեպքի մասին տեղեկանալով Արարատի և Վեդիի քաղաքապետների հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են կոմունալ բաժնի աշխատակիցները, ջրատար ավտոմեքենաներով, նրանք նույնպես մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։