Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա․ Բագրատ Սրբազան
Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հավելեց՝ քաղաքացիների հետ իր տարբեր հանդիպումների շրջանակում ակնհայտ է դառնում՝ մարդիկ սպասում են այդ փոփոխությանը։
«Փոփոխությունները աննքննարկելի են իրենց համար, այդուհանդերձ, կա վախի մթնոլորտ։ Գործարարներին, ակտիվ քաղաքացիներին անընդհատ վախեցնում են տարբեր մեթոդներով»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ անվանական կներկայացնեն՝ ում և ինչպես են փորձում վախեցնել իշխանությունները։ Այնուհանդերձ, ինչպես վերահաստատեց Բագրատ Սրբազանը, մարդկանց մոտ մեծ ակնկալիքներ կան պայքարից, քաղաքացիների մոտ բարձրացել է նաև սեփական պատասխանատվության գիտակցումը։
«Մեզ շատ քիչ են հարցնում՝ երբ եք ճանապարհելու , այլ ասում են՝ երբ ենք ճանապարհելու։ Իր ժամանակին։ Ես կարծում եմ՝ շատ հեռու չէ այդ օրը։ Ամեն ջանք պետք է ներդնենք, որ լինի, որովհետև սա կրիտիկական ժամանակաշրջան է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. սեփական տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքի գյուղերից մեկի տներում դի կա:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու պարեկները նշված գյուղի 10-րդ փողոցի տան տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 34-ամյա Թևոս Ղ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Թևոս Ղ.-ն ժամը 12:30-ի սահմաններում իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Խոշոր վթար Տաշիրում․ 6 վիրավորների մեջ կան երեխաներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում հուլիսի 31-ին: Ժամը 16:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ 69-ամյա Վ․Չ.-ն, 22-ամյա Մ․Մ.-ն, 11-ամյա Ն․ Չ.-ն, 8-ամյա Ա․ Չ.-ն, 37-ամյա Ա․ Չ.-ն և վարորդը՝ Վ․ Չ.-ն մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են Տաշիր քաղաքի «Տաշիր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, բարեբախտաբար ցած չի ընկել:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մասիս քաղաքն ու 12 գյուղեր ջուր չեն ունենա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բագրատ Սրբազանը շաբաթ օրը կայցելի Մարտունի ու Սևան
Շաբաթ օրը՝ օգոստոսի 3-ին, Բագրատ Սրբազանը կայցելի Գեղարքունիքի մարզ:
Սրբազանը կհանդիպի Մարտունի և Սևան քաղաքների բնակիչների հետ։
Առողջության ապահովագրական համակարգն ամբողջությամբ կներդրվի 2027թ.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգին, նշելով. «Ես պնդում եմ՝ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»։
Նրա խոսքով, իրենք լուրջ են վերաբերվում բարեփոխումներին և իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ. «Աշխատանքները որոշակի առումով երկարում են, որովհետև ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան թե ժամկետները»։
Նախարարը նաև վստահեցրել է, որ ապահովագրական համակարգը կներդրվի փուլային, երեք տարվա ընթացքում. «2027թ. ամբողջապես կներդրվի»։
Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի ՀՀԿ գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ
Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին:
Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
Հուլիսի 31-ի առավոտյան՝ ժամը 8.35-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկու ուղևորները՝ 54-ամյա Ժենյա Հ.-ն և 33-ամյա Նվեր Հ.-ն, մահացել են:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի 28 փողոցներում կփոխվեն սյուները, մալուխներն ու լուսատուները
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ:
Դրանով կապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում (եվրոյի և ԱՄՆ դոլարի փոխարկման հաշվարկների համար հիմք է ընդունվել 2024թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված արտարժույթի փոխարժեքները՝ 1 ԱՄՆ դոլար=402.39 դրամ, 1 եվրո=424.48 դրամ):
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի թվով 28 փողոցներում լուսավորության հենասյուների փոխարինման/ամրացման, առկա վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացման, առկա լուսատուները LED տիպի լուսատուներով փոխարինման աշխատանքների իրականացումը:
Ներկայումս աշխատանքները ընթանում են Երևան քաղաքի Մյասնիկյան, Աճառյան, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետություն, Թումանյան և Խորենացի փողոցներում: 2024թ. փետրվար ամսին ընդունվել են 2023թ. նոյեմբեր ամսին Մյասնիկյան, Աճառյան և Ամիրյան փողոցներում մասնակի կատարված աշխատանքների դիմաց ներկայացված կատարողականները, որոնց համար վճարումները դեռևս չեն կատարվել՝ վարկային և դրամաշնորհային միջոցների հասանելիության ժամկետների ավարտի պատճառով:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 183,120.7 հազ. դրամով:
Նախագծի ընդունմամբ կշարունակվեն աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում կապահովվի բարելավված, բարձր մակարդակի և անխափան լուսավորություն, ինչպես նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ կիրառելով ավելի արդիական և էներգախնայող ԼԵԴ լուսատուներ:
2024 թվականին իրականացվելիք աշխատանքները ամբողջական ծրագրի իրականացման մասնաբաժնում նախատեսվում է որ կկազմեն 31 %:
Կալանավորված անձը տեղափոխվել է այլ ՔԿՀ
Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում: Հետևաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի բնակության վայրի և քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական դժվարություններ վստահորդի և նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու հարցում:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական իրավասու մարմիններին։ Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում․ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։