Մարիա Տերտերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին

Մարիա Տերտերյանի քույրը՝ Քրիստինա Մանգասարյանը գրում է. «Մեծ ցավով հայտնում եմ այն մասին, որ երեկ երեկոյան կյանքից հեռացավ քույրս՝ տաղանդավոր Մարիա (Մաշա) Տերտերյանը։ Չեմ կարող նկարագրել այն ցավը, որ ապրում է մեր ընտանիքն ու մտերիմները»:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, ժամը՝ 14:30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցիում (Կոնդ):

Օշականցին որսորդական հրացանով կրակել է համագյուղացու վրա

Քննչական կոմիտեից հայտնում են․

«2024 թվականի հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 55-ամյա համագյուղացին է:

Նախնական տվյալներով՝ 2024թ․ հուլիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Օշական բնակավայրի Մաշտոցի փողոցի հարակից հատվածում վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կ.Մ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով առողջության ծանր վնաս համարվող հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, չկրակված փամփուշտներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Օշականի 55-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»։

Ես պայման եմ դրել. Բագրատ Սրբազան

«Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն

Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։

Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ խաղատանը կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմ-հանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծո կարիքն ունի:

Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես՝ մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մեդիա աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից:

Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ:

Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:

Սա մի աշխարհ է, որտեղ.

— Մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին,

— զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքընվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ուպատասխանատվության զգացումը,

— մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակներ ընկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները, և ոչ՝ բարոյական և հոգևոր արժեքները,

— շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը,

— կենսաբարոյագիտական խնդիրներն անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կյանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում:

Ժամանակակից աշխարհն ուզում է մարդուն դարձնել միայն տնտեսական էակ։ Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող, մի էակ, որը սպառում է իր ինքնությունը, իր եսը, իր հայրենիքը, իր հավատը, ու մեխանիզացված, տնտեսական նիշ դարձած՝ շարունակում մեխանիկորեն ապրել այս կյանքը։

Այդ մարդուն անվանում են «քաղաքացի», բայց արդյոք դա՞ է այն քաղաքացին, որին արժանի է մեր հայրենիքը, և որը կարող է դիմակայել մեր հայրենիքին սպառնացող խնդիրներին, որը կարող է գնահատել ու սիրել մեր ամբողջական Հայաստանը՝ պատմական և իրական։

Հայաստանի նորագույն պատմության վերջին դրվագներից մեկում՝ հունիսի12-ին, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի ստվար զանգված լուռ գտնվեց քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անարդարությունների, ազատության և արժանապատվության ոտնահարման իրողությունների հանդեպ։ Մի խումբ էլ պոկվեց նրանցից և հստակորեն արտահայտվեց՝ հավատարիմ մնալով մարդկային և բարոյական արժեքներին։

Կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն, որը կտրված է մարդկային և բարոյական ամենապարզ արժեքներից, արդյոք սա նոնսենս չէ՞։ Այդպիսի «քաղաքացիական հասարակությունը» կարող է հարմարվել պահի քաղաքական իրականությանը և ծառայել ամեն հաջորդ իշխանության, իսկ բարոյական հասարակությունը՝ ոչ։ «Քաղաքացի» բառի ամենալայն իմաստն իր մեջ շատ ավելի մեծ բարոյական և արժեքային խորություն ունի, քան այն սահմանափակ և մակերեսային ընկալումը, որով փորձում են մեզ կերակրել։ Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ։ Քաղաքացին բարոյական լուրջ բարձիկներ ունի իր ներսում, քաղաքացին ընտրում է իր երկրի ճակատագիրը և զարգացումը, ուրեմն նա պետք է խորությամբ ընկալի բոլոր գործընթացները։

Եվ հենց բարոյական հասարակության տապալումն է պատճառը, որ մենք.

— հանդուրժում ենք չարիքի իշխանության ցանկացած անբարոյականություն, որը մեզ արժանապատիվ մարդուց ուզում է դարձնել սոսկ ուտող և լավ ապրող կենդանի,

— հանդուրժում ենք այսքան սուտ և կեղծիք, անձնական և ազգային ստորացում, հանդուրժում ենք բազմահազարամյա Արցախի կորուստը,

— անտարբեր ենք Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ որոշները չարախնդում են։

Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։

Մեր հանրային և պետական կյանքի ու հեռանկարի տարբեր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ առանձին հրապարակումներով հանդես կգամ պարբերաբար՝ ցույց տալով այսօր կատարվող իրադարձությունների և մեր ներքին բարոյական զարկերակի աշխատանքի անմիջական կապը»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Հանրապետական շտապօգնության ծառայության պետին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է:

Կայքը նշում է, որ կաշառքի գործով են վերջինիս ձերբակալել եւ անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու մասով:

Արարատի մարզում «Jeep Grand Cherokee»-ն հայտնվել է ջրանցքում

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղում՝ «Ստալինյան ջրանցքում», պարեկները հայտնաբերել են «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա: 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Մարտին Հ․-ին։

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, հայտնել՝ պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից. Aravot.am

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը (լուսանկարում), որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:

Փաստաբանից հետաքրքրվել են՝ ինչպես ստացվեց, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց: «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է: Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաեւ ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտելու, որ իր դեմ բողոք չներկայացվի:

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելուն, քանի որ խոսքը վերաբերում է անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում ենթադրյալ հանցանքի կատարմանը, այլ ոչ թե առօրյա կենսագործունեության ընթացքում եւ նրա լիազորությունները կասեցված են, նշանակում է, որ չի կարող լինել ողջամիտ ենթադրություն, որ անձը՝ լինելով դրսում, կարող է նոր հանցանք կատարել: Անձն իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը Հայաստանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի: Արդյոք այս անձը նոր հանցանք կանի՞, կթողնի՞ երեխաներին, փախուստի կդիմի՞ կամ կխոչընդոտի՞ նախաքննությանը, եթե կա այնպիսի ապացույց, որի բովանդակությունը խեղել հնարավոր չէ: Միանշանակ այս հանգամանքների համակցությունը բերում է այն հետեւության, որ որեւէ պարագայում ողջամիտ կասկած, որ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել իր պատշաճ վարքագիծը, չի կարող լինել»,- հարցին այդպես է պատասխանել դաստիարակի պաշտպանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ենոքավան տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ

Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․)։

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը

76 տարեկան հասակում մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Վոլոդյա Բադալյանը։

Նախկին պատգամավորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին` ժամը 18:00-ին` Սուրբ Սարգիս (5-րդ մասիվ) եկեղեցում: Վերջին հրաժեշտը նույն վայրից` օգոստոսի 1-ին` ժամը 12:30-ին::

Վոլոդյա Բադալյանի կենսագրությունը

Ծնվել է 1948թ. մայիսի 12-ին Սպիտակում:

1983թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

1966-1969թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ, 1969-1981թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ: 1981-1995թթ. Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն, 1995-1999թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ: 2001թ.` «Ագրոարդյունաբերողների եւ սերմնաբույծների միության» նախագահ: 2002թ.` «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 242 ընտրատարածք):

1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 102 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:

2003-2007թթ.` Ազգային ժողովիպատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պոլսի Հայոց պատրիարքը դատապարտել է Օլիմպիական խաղերի բացման ժամանակ քրիստոնեությունը նսեմացնող ներկայացումը

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքի նսեմացմանն ուղղված ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մաշալյանը հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այն տգեղ տեսարանը, որը նպատակ ունի ծաղրելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը (Խորհրդավոր ընթրիքը)՝ մեր հավատքի ամենասուրբ պահը, խորապես վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին։ Մինչդեռ միջազգային սպորտային խաղերը՝ Օլիմպիական խաղերը, պետք է ուղղված լինեին հասարակությունների միջև ներդաշնակության և խաղաղության բարձրացմանը, այժմ դրանք փորքամասնության համար վերածվել են ավելի քան 2 մլրդ դավանող ունեցող կրոնը նվաստացնելու և վիրավորելու գործիքի»։

Մաշալյանը նաև հավելել է, որ իր և եկեղեցու անունից դատապարտում է Օլիմպիական խաղերի ղեկավար անձնակազմին, որոնք այս հարցում անհրաժեշտ զգայունություն չեն ցուցաբերում։

«ԼԳԲՏ համայնքը չի հանդուրժում իրենց և իրենց իրավունքների հասցեին ուղղված նույնիսկ ամենաչնչին քննադատությունը, բայց նրանք իրավունք են գտնում հարձակվելու և վիրավորելու ուրիշների տեսակետներն ու համոզմունքները ամենադաժան ձևով։ Այս անընդունելի, անհարգալից վերաբերմունքը, ի վերջո, ամենաշատը կվնասի սեփական գործին։ Հույս ունեմ, որ այսուհետ գոնե փակման արարողության ժամանակ թույլ չեք տա նման ծայրահեղություններ և ավելորդություններ»,- նշել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքը։

Մաշալյանը նաև հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերում առկա թերությունները կշտկվեն և կծառայեն իրենց իսկ նպատակին։

Հիշեցնենք, որ Փարիզի Օլմիպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

14-ամյա ճապոնուհին դարձել է օլիմպիական չեմպիոն. Փարիզ-2024

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ մեդալներ են խաղարկվել սքեյթբորդինգում և փողոց մրցաձևի կանանց պայքարում, որտեղ չեմպիոն է դարձել 14-ամյա ճապոնուհի Կոկո Յոշիզավան։

Պատանի մարզուհին հավաքել է 272,75 միավոր։ 265,95 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Յոշիջիվայի հայրենակից Լիզ Ակաման, բրոնզե մեդալը նվաճել է Ռայիսա Լեալը (Բրազիլիա, 253,37)։