Երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ

Այսօր, տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։

Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա

ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է ճեպազրույցի ընթացքում։

«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է բավական առաջ ընթանալ այդ ուղղությամբ։ Մենք սպասում ենք պաշտոնական Երեւանի հետագա քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»,- ասել է Զախարովան։

Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությանը։

«Հայկական կողմն առաջարկել է և պատրաստ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում»,-գրել է Բալայանը։

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ հուլիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:

Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին․Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործից նոր մանրամասներ է հայտնել։

«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ», — գրել է նա։

Երևանում հուլիսի 18-22-ը որոշ փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 18-ից փակ կլինեն որոշ փողոցներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները»,-ասված է հայտարարության մեջ:

Արմեն Աշոտյանի կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում. Մկրտչյան

Մեր պնդումներն անիմաստ են, քանի որ դատավորն է արդեն հանձն առել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում՝ ուղղակի նոր ամսաթվով և նոր ստորագրությամբ: Քաղաքական հետապնդում լինելն ապացուցում է փաստակազմը »,-ասաց նա:

ՀՀ-ն դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին:

«Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է Մեհրդադ Քիային։

Նրա խոսքով, «նախ նրանք պետք է դառնան դիտորդ, և միայն դրանից հետո նրանք կարող են դառնալ լիարժեք մասնակից»։

Հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես է ձեր գումարն անցնում ուրիշի ձեռքը․ Մարտիրոսյանը զգուշացնում է

Տարբեր տիպի խաբեություններ կան․ բոլորը ուղղված են նրան, որ քարտից տվյալներ ստանան։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Այնքան տարբեր խաբեություններ կան, որ հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը։

Դրա համար անում ենք հետևյալը․ Պահում եք առանձին քարտ, կարող եք վիրտուալ քարտ բացել։ Այսօր շատ բանկեր տալիս են այդ հնարավորությունը։ Դուք օնլայն բանկինգի միջից բացում եք ֆիզիկապես գոյություն չունեցող քարտ, կամ քարտ եք բացում, որտեղ գումար չեք պահում։ Հենց պետք է գործարք անեք, վրան գցում եք գումարը։ Եթե մնացորդ կմնա, հանեք այդ մնացորդը և վրան գումար մի պահեք»,-նշել է նա։

Ադրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է

Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի, դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միայն տեսանելի է, որ հիմնական առևտրաշրջանառությունը Իսրայելի հետ է և որոշակի կարճ պարբերականությամբ այնտեղից մատակարարումներ են արձանագրվում:

Իհարկե, հաճախ մամուլում է հայտնվում նաև այլ երկրների հետ գործարքների մասին տեղեկություններ` Ադրբեջանի ավանդական գործընկերներ Թուրքիայից, Պակիստանից մինչև եվրոպական երկրներ:

Համենայդեպս, Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է»: